Մատչելիության հղումներ

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարչական վարույթներ է հարուցելու 4 ապրանքային շուկաներում


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր որոշել է վարչական վարույթներ հարուցել 4 ապրանքային շուկաներում, որոնցում, շաբաթասկզբին դրամի կտրուկ արժեզրկման հետեւանքով, գների տատանումները համաչափ չեն եղել:

«Դա ձեթն է, կարագը, կենցաղային տեխնիկան եւ դեղորայքը», - հայտարարեց հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: - «Այսօր շատ խանութներում 270 դրամանոց ապրանքը, ասենք, ծախում են 350 դրամով: Ի՞նչ հիմքով... Ձեռքբերման գների համար բոլոր տնտեսվարող սուբյեկտներից ուզենք իրենց խոշոր իրացնողների առաջին տասնյակի հաշիվ-ապրանքագրերը»:

Նա վստահեցրեց, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շաքարավազը կարելի է գնել հիմնական մատակարարից` մեկ կիլոգրամը 250 դրամ գնով: Սա, ըստ Շահնազարյանի, զգալիորեն կնպաստի այդ ապրանքատեսակի գնանկմանը:

Հարցին, թե ինչով է բացատրում նաեւ տեղական ապրանքի, մասնավորապես, երշիկեղենի թանկացումը, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. - «Ոչ մեկը չի բացառում, որ ապրանքային թանկացումներ լինելու են: Վերջին հաշվով, այն ապրանքատեսակները, որոնց եթե ոչ ապրանքն է ներմուծվում, այլ հումքը, մենք պարզ գիտենք, որ որոշ չափով այդ հումքային էլեմենտների թանկացման հետեւանքով, պետք է վերջնական արտադրանքը թանկանա: Հարցն այն է, թե ինչ չափով է թանկացել: Մենք այստեղ ոչ մի օրենսդրությամբ սահմանափակելու իրավունք չունենք»:

Այդուհանդերձ, Աշոտ Շահնազարյանը գների նվազման միտում է տեսնում:

«Որովհետեւ ապրանքների մի մասը, որոնց որ մենք գնահատական ենք տվել, որ կենտրոնացվածության բարձր աստիճան ունեն եւ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ կան, նրանք արդեն շատ լավ գիտեն մեր օրենսդրությունը. ոչ մեկը 100 հազար դոլարի համար մեկ միլիոն դոլար չի ուզենա կորցնել», - փաստարկեց նա:

Հանձնաժողովի նախագահը հայտարարեց նաեւ, որ վաղն առավոտից բենզինը կէժանանա 10 դրամով:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG