Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Արմեն Ռուստամյանը հրաժարվել է զբաղեցնել մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը: Այս մասին հայտնում են իշխանական աղբյուրները: Մինչ այդ ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համարը դառնալուց հրաժարվել էր նաեւ Վահան Հովհաննիսյանը: Թե ում թեկնածության վրա այժմ կարող է կանգ առնել ՀՅԴ ընտրությունը, հայտնի չէ, թեեւ կուսակցությունում չեն բացառում, որ այնուամենայնիվ, հաջողվի համոզել Ռուստամյանին կամ Հովհաննիսյանին»:

Նույն թերթը շարադրում է. - «Դրամը թողնելու օրը, երբ սկսվեցին ցնցումները, վարչապետը «թռած» էր միայն այն պատճառով, որ ամենեւին էլ չգիտեր, թե ինչ կլինի հաջորդ օրը: Այսինքն` նրա պնդումը, թե իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, հնչեց միայն այն ժամանակ, երբ իրավիճակը կայունացավ: Այնինչ տրամաբանական է, որ իրավիճակը վերահսկելու մասին պնդումը նա պետք է աներ դրամի փոխարժեքը բաց թողնելուց անմիջապես հետո` մարտի 3-ի առավոտյան: Մեղմ ասած, այնքան էլ համոզիչ չեն վարչապետի բացատրությունները, թե ինչու չէր կարելի դրամը արժեզրկել սահուն` մի քանի ամսվա ընթացքում: Նախորդ օրը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Տիգրան Սարգսյանը պնդում էր, թե դա կարող է ունենալ բացասական դրսեւորումներ, մասնավորապես` այդ դեպքում «շուկայում հայտնվում են սպեկուլյանտներ»: Սպեկուլյանտների համար որեւէ նշանակություն չունի` դրամն արժեվորվո՞ւմ է, թե՞ արժեզրկվում. կարեւորը, որ փոխարժեքը փոխվի: Իսկ փոխարժեքի, ասենք, 20-25 տոկոս տոկոսանոց փլուզումը սպեկուլյանտների համար պարզապես աստեղնային ժամ է` նրանք մեկ օրում իրենց ունեցած գումարը կարող են ավելացնել 20-25 տոկոսով: Այլ կերպ ասած, սպեկուլյանտները հենց այդքան էլ փող աշխատեցին մարտի 3-ին: Նրանք ընդամենը պետք է իմանային, թե երբ է փլուզվելու փոխարժեքը: Իսկ դա գիտեին բոլորը` մարտի 1-ի հանրահավաքից հետո: Այնպես որ, դժվար չէ կռահել, թե փլուզման նախորդ օրը Կենտրոնական բանկը մեր արտաքին պահուստներից վերցրած 31 միլիոն դոլարը ում վաճառեց: Դրանց դժվար է ասել սպեկուլյանտներ, որովհետեւ նրանք բարձրաստիճան պաշտոնյաներ ու օլիգարխներ են»:

«ժամանակ»-ը մեկնաբանում է քաղաքապետի նշանակումը. - «Խնդիրը պետք է դիտարկել Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրությունների համատեքստում: Առաջին հերթին` այն պատճառով, որ տակավին չմեկնարկած ընտրարշավում խախտվում է մրցակցության սկզբունքը: Մյուս բոլոր պոտենցիալ թեկնածուները` լինեն ընդդիմության թե իշխանության դաշտից, չեն կարող տիրապետել այնպիսի ռեսուրսների, որոնցով օժտված է գործող քաղաքապետը: Ուրեմն` մայիսի 31-ի ընտրություններում մրցակցության սկզբունքը խախտեց հենց Սերժ Սարգսյանը, ով, մոռանալով իր պետական բարձր կարգավիճակը, նեղ կուսակցական հայացք ցուցաբերեց` անթաքույց աջակցություն արտահայտելով թեկնածուներից մեկի հանդեպ: Երկրորդ` իշխանության, այսպես կոչված, էլիտան ապացուցեց, որ առանց ադմինիստրատիվ ռեսուրսի տոտալ կիրառման` չի կարող ընտրարշավներ կազմակերպել: Բնականաբար` Բեգլարյանը կփորձի լավագույնս կազմակերպել իր «ընտրովիությունը»»:

«Կապիտալ»-ը նույնպես անդրադարձել է մայրաքաղաքի քաղաքապետի նշանակմանը: Թերթը գրում է. - «ՀՀԿ-ն ձգտում է կենտրոնացնել վարչական լծակները եւ ավագանու՝ հնարավորինս մեծ թվով տեղեր վերցնել։ Բեգլարյանի նշանակումը, սակայն, մեծ խաղի նախերգանքն է կամ բազմաքայլ կոմբինացիայի միայն մեկ շտրիխը։ Կոմբինացիայի հաջորդ շտրիխը Երեւանի քաղաքապետի աթոռն առանձին թիմերով, ցուցակներով «գրոհելու» որոշումն էր։ Այս ամենից հետեւում է, որ կոալիցիոն մյուս ուժերն ի սկզբանե ընդունում են ՀՀԿ-ի հաղթանակը եւ քաղաքապետի պորտֆելը տնօրինելու իրավունքը։ Էականն այն է, որ ընտրություններին առանձին-առանձին մասնակցելով՝ կոալիցիոն ուժերը փորձում են փոշիացնել ընդդիմության ձայները։ Կոմբինացիայի մյուս շտրիխը տիպիկ քարոզչական-հոգեբանական գրոհն է ընդդիմության նկատմամբ։ Նպատակն ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած ընդդիմադիր երկու ուժերի՝ ՀԱԿ-ի եւ «Ժառանգություն» կուսակցության՝ միասնական թեկնածուով եւ ցուցակով հանդես գալու ջանքերը խափանելն է»։

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Երկրին սպասող հումանիտար աղետի սպառնալիքը ընդամենը այն «փաստարկներից» մեկն էր, որոնց միջոցով Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն բնորոշ «գիտական» մեթոդաբանությամբ հասարակայնությանը մոտեցրեց սեփական ելույթի «բուն թիրախին»։ Նույնը կարելի է ասել ապստամբությունների ու հեղափոխությունների ուղին մերժելու եւ խաղաղ, բայց հետեւողական պայքարով իշխանափոխության հասնելու նրա վճռականության մասին։ Այստեղ եւս առկա էր ոչ այնքան 2008-ի մարտի 1-2-ին հենց այդ ուղին ընտրած «համաժողովրդական շարժման» նախորդ փորձի հաշվառումը, որքան ՀԱԿ-ի առաջնորդի առաջ քաշած «ազգային համաձայնության» կառավարության մասին թեզը հիմնավորելու ձգտումը։ Ազգային համաձայնության կամ ազգային փրկության կառավարության ձեւավորման հավանականության գաղափարը քաղաքական կոալիցիայի ներսում կարող է խաղալ «դանդաղ գործողության ռումբի» դեր, որի պայթեցումը, Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքով, կստիպի նրա անդամների մի մասին նայել «դեպի ապագան», իսկ մյուսներին՝ «դեպի անցյալը»»։

«Երկիր» շաբաթաթերթում օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, պատասխանելով ընթերցողների հարցերին, ասում է. - «Ընդդիմությունը եւ իշխանությունը նույն հասարակության մասեր են, եւ խորհուրդ եմ տալիս չմտածել «մերոնք» եւ «ձերոնք» կատեգորիաներով: Այդ «մերոնք»-ի եւ «ձերոնք»-ի բաժանումն է, որ խանգարում է մեր պետականության կառուցմանը... Իսկ համաներում ոչ մի երկրում երբեք դատաիրավական համակարգի հեղինակությունը չեն գցել: Այդ հեղինակությունն ընկնում է, եթե հասարակությունը տեսնում է, որ գործ ունի պատվիրված դատական գործընթացի հետ: Ես կողմ եմ համաներմանը: Դա կոնսոլիդացման սկիզբ կարող է հանդիսանալ»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG