Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլ 2009»-ի հայաստանյան երգը առաջիկա օրերին պատրաստ կլինի


Արշակյան քույրերը, երբ նախընտրական փուլին էին մասնակցում, դեռ չէին ձայնագրել երգը: Հիմա էլ ինտերնետում երգի միայն կենդանի կատարումն է` հենց մրցույթի օրվա: Սակայն երգչուհիները վստահեցրին, որ մինչեւ վերջնաժամկետը` մարտի 14-ը, երբ բոլոր երկրները պետք է ներկայացնեն իրենց ընտրած երգերի վերջնական տարբերակները, պատրաստ կլինի նաեւ Հայաստանը:

Այսօրվանից սկսվում է երգի տեսահոլովակի մոնտաժը. ռեժիսոր Դավիթ Բաբայանն ավարտել է նկարահանումները: «Մաքս լիբերթի»-ի հետ զրույցում նա հայտնեց, որ տեսահոլովակի պրեմիերան նախանշված է մարտի 10-ից 12-ը: «Երգը կոչվում է «Նոր պար», տեսահոլովակում հնարել ենք նոր պար` ես դա կանվանեի «հայկական մակարենա», - ասաց Դավիթ Բաբայանը:

Ռեժիսորի ձեռաիրը հանդիսատեսին հայտնի է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեսահոլովակներից: Դավիթ Բաբայանը նկարահանել է նաեւ Արշակյան քույրերի նոր` «Գութան» երգի տեսահոլովակը: Ռեժիսորի կարծիքով, թեպետ «Եվրատեսիլ»-ն առաջին հերթին երգի մրցույթ է եւ ոչ անգամ երգչի, միեւնույն է հաջողությանը նպաստելու է նաեւ նկարահանված տեսահոլովակը. - «Պրոմո տուրերի ընթացքում մարդիկ կպարեն մեր ստեղծած պարը»:

Երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերի անգլերեն տարբերակը Վարդան Զադոյանն է գրել, հայերենը` Ավետ Բարսեղյանը:

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը մայիսի 12-ին եւ 14-ին են, Հայաստանը ներկայացնող մասնակցները վիճակահանության արդյունքներով ելույթ կունենան առաջին օրը:

«Արդեն հուզվում ենք, արդեն սկսվել են գիշերային մղձավանջները, բայց հույս ունենք, որ ամեն ինչ լավ է լինելու»,- եզրափակեցին Արշակյան քույրերը:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG