Մատչելիության հղումներ

Հայաստանի ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակի առթիվ այսօր, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ընդդիմության ներկայացուցիչների, Եռաբլուր այցելած Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը հավաստիացրեց, որ «Վազգենի բոլոր իղձերը կատարվելու են»:

«Վազգենի բոլոր իղձերը կատարվելու են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա: - «Ուզեն չուզեն, դեմ կանգնեն, խանգարեն` օգուտ չկա»:

Վերհիշելով Վազգեն Սարգսյանի հայտարարությունները` այսօր նրա շիրիմի մոտ հավաքված քաղաքացիները եզրակացություններ էին անում. - «Եթե Վազգեն Սարգսյանը լիներ [Կարեն] Դեմիրճյանի հետ միասին, մենք հիմա ծաղկման մեջ կլինեինք»:

Եռաբլուրում էին նաեւ Վազգեն Սարգսյանի ծնողները: Մարդիկ մեկ առ մեկ մոտենում էին նրանց, շնորհավորում Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակը եւ համբուրում Վազգեն Սարգսյանի մոր` Գրետա Սարգսյանի ձեռքը:

«Վազգենը ձեզանով ապրում է եւ քանի դուք կաք, ձեր սերունդը կա` Վազգենը հուր-հավիտյան կա: Մեր երիտասարդության ոգին սրացավ այդ տարիներին: Պատերազմ էր, կռիվ էր, զոհեր ունեինք, բայց հպարտ էինք... ու մեր ոգին հաղթեց», - ասում էր Գրետա Սարգսյանը:

Եռաբլուրում էին նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչները: Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ Վազգեն Սարգսյանի հիշատակը պետք է հարգել գործերով` ամրապնդելով Հայաստանի պետականությունը. - «1999 թվականին ես մասնակցում էի միասնության այդ քարոզարշավին: Ժողովրդի մեջ իրոք Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի միասնությունից հույս էր արթնացել, սակայն հոկտեմբերի 27-ին այդ հույսը գնդակահարվեց»:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում գնդակահավեցին Հայաստանի 8 բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի պատգամավորներ, այդ թվում` երկրի վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG