Մատչելիության հղումներ

logo-print

Դոլարի փոխարժեքի կտրուկ աճ` Հայաստանում. VIDEO


Հայաստանում գործող բանկերում եւ փոխանակման կետերում դոլարի փոխարժեքի կտրուկ` մինչեւ 30 տոկոս աճ է արձանագրվել:




Եթե դեռ մարտի 2-ին դոլարի առքի գինը 305-307, վաճառքինը` 307-308 դրամ էր, ապա հաջորդ օրվանից սկսած տարբեր բանկերում եւ փոխանակման կետերում դրանք կազմում էին, համապատասխանաբար, 350-360 եւ 380-400 դրամ:

Երեւանի փոխանակման կետերից մեկի աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, մարտի 3-ին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ «որոշ չինովնիկներ» նախապես տեղեկացված են եղել դոլարի փոխարժեքի կտրուկ աճի մասին:

«Առավոտյան շուտ որոշ չինովնիկներ եկել են փոխանակման կետեր եւ մեծ քանակի արտարժույթ են գնել մինչեւ դոլարի բարձրացումը սահմանված կուրսով` 308-ով», - ասաց փոխանակման կետի աշխատակիցը: -«Կենտրոնական բանկը կուրսերը բաց թողեց: Երեւի իրենց համար հետաքրքիր մարդիկ արդեն ձեռք էին բերել համապատասխան քանակի դոլար, այսինքն` դիրքավորվել էին: Հիմա արդեն էլ հետաքրքիր չի կուրսը պահելը, բաց թողեցին: Մինչեւ այդ, թե’ վարչական, թե’ ֆինանսական միջոցներով Կենտրոնական բանկը մեզ ստիպում էր դոլարը դնեինք 308 [դրամով] վաճառքի, անկախ նրանից` կա՞, թե՞ չկա», - հավելեց նա:

Պատահական անցորդների գնահատականները միանշանակ չէին:

«Ինձ համար տարբերություն չկա, որովհետեւ իմ եկամուտը դոլարային է», - ասաց մի տղամարդ: - «Ժողովրդի համար վատ է, որովհետեւ մեծամասնությունը դրամով է ստանում աշխատավարձը: Բնական է, որ ոչ թե դոլարը բարձրացավ, այլ դրամը արժեզրկվեց»:

«Ինձ համար տարբերություն չկա», - նույնպես արձագանքեց մեկ ուրիշ անցորդ: - «Դրամով եմ աշխատում, դրամով ստանում եմ, դրամով ծախսում եմ»:

«Լավ քաղաքականություն չենք վարում էս ճգնաժամի պայմաններում», - դժգոհեց մեկ ուրիշ անցորդ: - «Պահեցին, պահեցին [փոխարժեքը], հիմա էլ վերվարեցին` գնաց»:

«Դրան համարժեք մյուս բոլոր ապրանքներն էլ կթանկանան», - կանխագուշակեց մի կին:

Մարտի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում իրականացվել է 3 միլիոն 420 հազար դոլարի առք եւ վաճառք՝ 372.11 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, փակման գինը կազմել է 372.49 դրամ: Երեկ ֆոնդային բորսայում կատարվել է ավելի քան կրկնակի քանակությամբ` 7 միլիոն 390 հազար դոլարի առք եւ վաճառք՝ 372.98 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, փակման գինը կազմել է 372.00 դրամ:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG