Մատչելիության հղումներ

Հայաստանի նախաձեռնությամբ կհրատարակվի «Սեւծովյան տարածաշրջանի մշակութային նորություններ» պարբերականը


Այսօր Երեւանում բացվեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների մշակույթի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Կլոր սեղան` նվիրված տարածաշրջանում մշակութային խնդիրներին:

Բացման արարողությունից հետո մասնակիցները քննարկեցին սեւծովյան տարածաշրջանում պատմամշակութային հուշարձանների պահպանության հետ կապված հարցեր: Ավելի ուշ Ազգային պատկերասրահում մասնակցեցին «Մշակութային խճանկար» խորագրով ցուցահանդեսի բացմանը, որտեղ ներկայացված են տարածաշրջանի տարբեր երկրներից բերված աշխատանքներ:

Պատկերասրահում ներկայացվեցին նաեւ վավերագրական ֆիլմեր` նվիրված տարածաշրջանի երկրներում պատմամշակութային հուշարձանների պահպանությանը:

Նախատեսվում է «Սեւծովյան տարածաշրջանի մշակութային նորություններ» պարբերականի հիմնադրումը: Քննարկումները այս հարցով սկսվել են դեռ այս հանդիպումից առաջ:

«Մեր երկիրը [Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում] նախորդ տարիների հանդիպումների ժամանակ առաջարկել է, որպեսզի Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրները մշակույթի ասպարեզում ունենան մի պարբերական, մի ամսագիր, որտեղ մշակութային նորություններ ներկայացվեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը:

Կլոր սեղանի շրջանակներում քննարկումները կշարունակվեն վաղը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG