Մատչելիության հղումներ

Օբամայի նամակը Մեդվեդեւին շարունակում է մնալ արեւմտյան պարբերականների ուշադրության կենտրոնում


Ի՞նչ է գրել եւ առաջարկել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման իր ռուս գործընկերոջը. այս հարցը վերջին օրերին ակտիվորեն քննարկում են գրեթե բոլոր արեւմտյան հեղինակավոր պարբերականները:

Թեեւ երկու շաբաթ առաջ ուղարկված եւ անձամբ Դմիտրի Մեդվեդեւին հանձնված Օբամայի նամակը չի հրապարակվում, սակայն երկու կողմերն էլ ընդունում են, որ Բուշ-Պուտին լարված հարաբերություններից հետո Վաշինգտոնն այժմ Մոսկվային առաջարկում է «նոր էջ բացել»:

Ամերիկյան եւ ռուսաստանյան մամուլում նաեւ հրապարակումներ եղան, թե Օբաման առաջարկել է վերանայել Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային համակարգեր տեղակայելու Վաշինգտոնի ծրագիրը, եթե Ռուսաստանը համաձայնի ընդլայնել համագործակցությունը Իրանի միջուկային ծրագրի դեմ պայքարում:

Ինքը` Միացյալ Նահանգների նախագահը, հերքել է «ծառայություն` ծառայության դիմաց» տարբերակը. - «Այն, ինչ ես ասել եմ նամակում, հետեւյալն է` ակնհայտորեն, որքան մենք թուլացնում ենք Իրանի` միջուկային ծրագիրը շարունակելու պատրաստականությունը, այնքան նվազեցնում ենք հակահրթիռային պաշտպանության համակարգ ունենալու անհրաժեշտությունը»:

Ակնկալվում է, որ հարցը առաջնային կդառնա արդեն այս ուրբաթ ժնեւում` երկու երկրների գլխավոր դիվանագետներ Հիլարի Քլինթոնի եւ Սերգեյ Lավրովի առաջին հանդիպման ժամանակ:

«Մենք քննարկելու բազմաթիվ խնդիրներ ունենք», - երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարուղարն ու ընդգծել. - «Իրանն ու Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգը առաջնայինների թվում են»:

Պաշտոնական Վաշինգտոնի հայտարարություններին հետեւեց Մոսկվայի արձագանքը: Իսպանիա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, թե հույս ունի, որ Վաշինգտոնից ստացվող դրական ազդակները կվերածվեն համաձայնությունների, եւ, միեւնույն ժամանակ, ժխտեց, թե բանակցություններն ընթանում են «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով. - «Որեւէ մեկը չի պայմանավորում այդ հարցերը ինչ-որ փոխանակումներով, առավել եւս` Իրանի խնդրի շուրջ: Մենք առանց այդ էլ առավելագույն շփումներով այդ ծրագրի շուրջ աշխատում ենք մեր ամերիկացի գործընկերների հետ»:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հաստատել է, որ Վաշինգտոնը այժմ պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել հակահրթիռային պաշտպանության այլընտրանքային ճանապարհներ: Միեւնույն ժամանակ, դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնը կողջունի Մոսկվայի կողմից ցանկացած աջակցություն` Իրանի միջուկային ծրագրի հարցում:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG