Մատչելիության հղումներ

Աբգար Եղոյան. «Խուճապը պայմանավորված է տեղեկատվության բացակայությամբ»


Երեկվանից վաճառակետերում ստեղծված իրավիճակը «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը պայմանավորում է «տեղեկատվության բացակայությամբ եւ [Կենտրոնական բանկի] կտրուկ քայլերով»:

«Կարելի էր մի քանի` գոնե անցած երկու-երեք ամիսների ընթացքում աստիճանաբար բարձրացնել դոլարի փոխարժեքը, եւ կունենայինք ավելի հավասարակշռված ռեակցիա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շարունակեց Եղոյանը:

Դիտարկմանը, թե պաշտոնյա տնտեսագետները բացատրում էին, որ դոլարի գինը ցածր պահելու նպատակը ներկրվող ապրանքների գների զսպումն է եւ արտահանումը խրախուսելը, եւ հարցին, թե ի՞նչ կատարվեց երեկ, Աբգար Եղոյանը արձագանքեց. - «Ներկրողները նորից գտնվեցին օգտված վիճակում: Անգամ դրամի արժեզրկման դեպքում ներկրվող ապրանքները` ասենք, կարագը, ձեթը, վառելիքը, դրանք միանգամից բարձրացան»:

Արձագանքելով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի երեկվա հայտարարությանը, թե գնաճը մինչեւ տարեվերջ կկազմի 8-9 տոկոս, Եղոյանը ասաց. - «Բավականին շատ է: Երկու օրվա ընթացքում մենք մոտավորապես 20 տոկոս գնաճ ենք ունեցել: Այն սպեկուլյացիան, որ արվում էր մինչեւ այդ, դա դեռ կշարունակվի, քանի դեռ բավականին դոլարի մասսա չի բաց թողնվել շուկա»:

Հարցին, թե ինչո՞ւ երեկ դոլարի գնի կտրուկ բարձրացումից անմիջապես հետո թանկացան մինչ այդ ներկրված ապրանքատեսակները, Աբգար Եղոյանը պատասխանեց, որ այդպես չպետք է լիներ. - «Թանկացում պիտի լինի այն դեպքում, երբ տվյալ տնտեսվարող սուբյեկտը գնել է ապրանքի նոր խմբաքանակ` ավելի թանկ գնով»:

Նա համոզմունք հայտնեց, որ պետությունը ունի գները զսպելու լծակներ. - «Պիտի հաշվարկվի ե’ւ բոլոր այն ծախսերը, որոնք կատարվել են հին խմբաքանակը բերելու, ե’ւ նորը ներկրելու դեպքում: Տարբերություններ եթե չկան, ուրեմն գերշահույթներ են ստացվել... Եվ դա պիտի պատժվի»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG