Մատչելիության հղումներ

«20-22 տոկոսով բարձրացել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները»


ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի կտրուկ փոփոխության հետ կապված Երեւանի գրեթե բոլոր վաճառակետերում 20-22 տոկոսով թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները` ձեթը, շաքարավազը, կարագը եւ բրինձը:

Մայրաքաղաքի խանութներից մեկի ղեկավարը, իր անունը չհրապարակելու պայմանով, «Ազատություն» ռադիոկայանին այսօր տեղեկացրեց, որ մատակարար ընկերությունները իրենց արդեն նոր գներով են ապրանք հատկացնում:

«Զանգահարել ենք, որպեսզի ապրանք բերեն, արդեն ասել են, որ ապրանքի գինը 20 տոկոս բարձրացել է, եթե հարմար է` կարող ենք բերել: Տեղական արտադրանքի մեջ, օրինակ, այսօրվա դրությամբ արդեն երշիկեղենն է թանկացել», - նշեց խանութի ղեկավարը:

«Երեկ խուճապը մեծ էր: Այսօր արդեն հանգստացել է, բայց նկատվում է` կա խուճապը, խոսակցություններ կան», - ասաց նա` նշելով, որ երեկ իրենց գնորդներից շատերը պարկերով շաքարավազ, 10-20 կիլոգրամով կարագ են խնդրել:

«Այդքան ապրանք չունեինք, ճիշտն ասած, որ բոլորին բավարարեինք: Ապրանքը, որը ստացել էինք առաջվա գներով վաճառել ենք: Հետո ապրանք ստացանք, որը մի քիչ ավելի թանկ էր», - նշեց խանութի ղեկավարը:

Երեկ օրվա երկրորդ կեսից փակ էին նաեւ մայրաքաղաքի մի շարք դեղատներ, որոնց աշխատակիցները նոր գնապիտակներ էին փակցնում դեղորայքի վրա:

Դեղատներից մեկում ասացին հետեւյալը. - «Որոշ ֆիրմաներ դեղորայքի պատվերներ չեն վերցնում գների փոփոխության պատճառով»:

Լուրեր են շրջանառվում, որ վաղվանից թանկանալու է նաեւ հացը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG