Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն այսօր ասաց, որ համանախագահները պատրաստվում են Երեւանից անմիջապես մեկնել Բաքու` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ժամկետները համաձայնեցնելու նպատակով:

«Ցյուրիխում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` իրենց իսկ կողմից դրական որակված հանդիպումից հետո տարածաշրջան կատարած մեր այս այցի ընթացքում մեր ունեցած բոլոր հանդիպումները եղել են բավականին հագեցած եւ առարկայական: Բանակցային գործընթացը շարունակվում է», - Երեւանում լրագրողներին ասաց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը:

Հիշեցնենք, որ համանախագահների այցը տարածաշրջան սկսվել էր փետրվարի 26-ին` Բաքու կատարած այցով:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանին հարցին, թե համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ի՞նչ կոնկրետ ժամկետներ են առաջարկում, Բեռնար Ֆասիեն արձագանքեց. - «Թույլ տվեք մեզ առաջինը նախագահներին ներկայացնել մեր կողմից առաջարկվող ժամկետները, որպեսզի նրանք կարողանան ընտրել»:

Այդուհանդերձ, ֆրանսիացի դիվանագետը հույս հայտնեց, որ երկու երկրների նախագահների նոր հանդիպումը կկայանա առաջիկա ամիսների ընթացքում:

«Սա նշանակում է, որ մենք Բաքու ենք մեկնում դրական լիցքերով», - շեշտեց Բեռնար Ֆասիեն:

Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը կարող է կայանալ մայիսի 7-ին: Այդ օրը Եվրամիությունում ներկայումս նախագահող Չեխիայի մայրաքաղաք Պրահայում նախատեսվում է անցկացնել Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրին մասնակցող 6 երկրների, այդ թվում` Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ գագաթնաժողով:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG