Մատչելիության հղումներ

Սարատովցի ոստիկաններին հայի սպանության համար մեղադրանք է առաջադրվել


Անցած տարվա հոկտեմբերին Հայաստանի մի քաղաքացու հրկիզելու կասկածանքով կալանավորված սարատովցի երեք ոստիկաններին առանձնակի դաժանությամբ կատարված սպանության եւ պաշտոնեական լիազորությունների գերազանցման մեղադրանքներ են առաջադրվել:

«Նովոստի Սարատովա» գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներից մեկով սահմանված է 3-ից մինչեւ 10 տարվա, մյուսով` 8-ից մինչեւ 20 տարվա կամ ցմահ ազատազրկում:

Գործի քննությունը իրականացնում է Սարատովի մարզի դատախազության քննչական վարչության հատկապես կարեւոր գործերի բաժինը:

Մարզային դատախազության քննչական վարչության վարկածով, հոկտեմբերի լույս 29-ի գիշերը ներքին գործերի շրջանային վարչության երեք օպերլիազորները, քննելով կողոպուտի մի գործ, կասկածների հիման վրա ձերբակալել են Գասպարյան ազգանունով հայաստանցուն, նրան հանել են տնից եւ ուղեկցել քաղաքից դուրս գտնվող մի ամայի վայր, դաժան ծեծի են ենթարկել եւ ենթադրելով, թե արդեն մահացել է, վրան բենզին են լցրել եւ այրել: Գասպարյանը ուշքի է եկել եւ փորձել փախչել, սակայն ոստիկանները վերջին հարվածն են հասցրել նրա գլխին, այնուհետեւ թաղել են դիակը:

Ոստիկանները ձերբակալվել էին սպանության հաջորդ օրը եւ անմիջապես ինքնախոստովանական ցուցմունքներ էին տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG