Մատչելիության հղումներ

Կենտրոնական բանկը վերադառնում է «լողացող» փոխարժեքի քաղաքականությանը


Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի արտահերթ նիստում այսօր որոշում է կայացվել վերադառնալ «լողացող» փոխարժեքի քաղաքականությանը, ինչպես երկար ժամանակ հորդորում եւ խորհուրդ էին տալիս Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը:

«[Այսօրվանից] Միջին փոխարժեքի հավասարակշիռ մակարդակը ակնկալվում է 360-380 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց», - հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: - «Խորհուրդը, քննարկելով համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում ստեղծված իրավիճակը, արձանագրեց, որ Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է, բավարար կապիտալիզացված է, գերիրացվելի է եւ պատրաստ դիմակայելու ճգնաժամի հետագա մարտահրավերներին»:

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ, իրենց գնահատմամբ, Հայաստանի համար լավագույնը «լողացող» փոխարժեքի ռեժիմն է, քանի որ այն «փոքր եւ բաց տնտեսությամբ երկիր է` մեծապես կախված այլ երկրներում տեղի ունեցող ֆինանսական եւ տնտեսական զարգացումներից»:

Կենտրոնական բանկի կանխատեսումներով, ինչպես փոխանցեց դրա նախագահ Ջավադյանը, «որոշակի գործոնների ներքո գնաճը տարեվերջին կլինի, եւ դա նաեւ կանխատեսումներն են Արժույթի միջազգային հիմնադրամի, կլինի մոտավորապես 8-9 տոկոս»:

Նինկե Օմեսի փոխանցմամբ, ԱՄՀ-ի կանխատեսումներում, մինչեւ տարեվերջ սղաճը Հայաստանում կկազմի 8 տոկոս, իսկ համախառն ներքին արդյունքը կկրճատվի 1,5 տոկոսով:

ԱՄՀ-ի կառավարիչ տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քանը այսօր Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, որում տեղեկացնում է, որ առաջարկելու է Հիմնադրամի գործադիր խորհրդին` հաստատել 540 միլիոն դոլար գումարով, 28-ամսյա պահուստային վարկավորման համաձայնագրի (Stand-By Arrangement) մասին դիմումը. - «Ակնկալվում է, որ Գործադիր խորհուրդն այս շաբաթվա վերջում նիստ կգումարի` ծրագիրը քննարկելու համար: Խորհրդի հաստատումից հետո Հայաստանը կկարողանա անմիջապես փոխառել շուրջ 239 միլիոն դոլար»:

«Շատ տարիների տնտեսական բարձր կատարողականից հետո` Հայաստանի վրա բացասաբար է անդրադարձել համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը», - նշում է ԱՄՀ-ի տնօրենը: - «ԱՄՀ-ի աշխատակիցների հետ խորհրդակցելով Հայաստանի իշխանությունների մշակած քաղաքականության համակողմանի փաթեթը ներառում է վերադարձը լողացող փոխարժեքի ռեժիմին, ինչպես նաեւ դրամավարկային, հարկաբյուջետային եւ ֆինանսական ոլորտների օժանդակող քաղաքականություն եւ խիստ հասցեական կառուցվածքային բարեփոխումներ: Իշխանությունները նաեւ ձեռնարկում են տնտեսական անկումը չեզոքացնելու եւ աղքատ խավի վրա տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու միջոցառումներ»:

«Իշխանությունների կողմից ձեռնարկվող վճռական միջոցառումները հիմնավորում են Հիմնադրամի միջոցների հասանելիության բացառիկ մակարդակը (որը համարժեք է Հայաստանի քվոտայի 400 տոկոսին) եւ արժանի են միջազգային հանրության օժանդակությանը», - ասված է հայտարարությունում:

Հայաստանում Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Արիստոմենե Վերուդակիսը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Հայաստանի բանկային համակարգը «բավականին ուժեղ է, բանկերը լիկվիդային են եւ բավարար չափով կապիտալիզացված»:

Այս քաղաքականությունը, ըստ Կենտրոնական բանկի նախագահի, նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն կընձեռի. - «Դա մրցունակ է դարձնելու Հայաստանի Հանրապետությունը միջազգային շուկաներում, դա նպաստելու է տնտեսական աճին»:

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսի վկայությամբ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով Հայաստանում, մասնավորապես, նվազել են արտահանման ծավալները (նախորդ տարվա հունվարի համեմատությամբ` 40 տոկոսով): Նվազել են (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 25 տոկոսով) նաեւ մասնավոր տրանսֆերտների տեմպերը, որոնցից բավականին կախված է Հայաստանի տնտեսությունը:

Արթուր Ջավադյանի պարզաբանմամբ` նախորդ տարի նվազեն են «ընդամենը տրանսֆերտների աճի տեմպերը». - «Այս պահին արձանագրված որեւէ տրանսֆերտների ծավալի նվազում մենք դեռ չունենք»:

Կենտրոնական բանկի նախագահը, սակայն, չբացառեց, որ այդ ծավալները կարող են նվազել:

«Լողացող» փոխարժեքի` 1 դոլարը 360-380 դրամ միջակայքում, քաղաքականությունը կպահպանվի մինչեւ տարեվերջ:

Կենտրոնական բանկը, Ջավադյանի խոսքով, չի միջամտելու. - «Բայց եթե մենք տեսնում ենք շուկայում կտրուկ տատանումները, որ կարող են ունենալ շատ անցանկալի հետեւանքներ, այդ պարագայում մենք, իհարկե, միջամտելու ենք... Դա վերաբերվում է շատ վերեւ գնալուն էլ, ներքեւ գնալուն էլ, որովհետեւ դա միանգամից անդրադառնալու է գների կայունության վրա: Եվ մեր առաջնահերթ խնդիրը, մեր թիրախը այս պահին, գների կայության ապահովումն է»:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարում` Դրամի արձանը Երեւանում)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG