Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հրապարակ»-ը անդրադարձել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի զեկույցի հայաստանյան արձագանքներին` նշելով. - «Անկախության 18-րդ տարում իշխանական շրջանակներում հրապարակավ ծաղրուծանակի է ենթարկվում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի վերջին զեկույցը ՀՀ-ում մարդու իրավունքների մասին: Թերուսությունն ու կինտոյությունը խանգարում են ոմանց իմանալ, որ ԱՄՆ-ում որոշումները մշակվում են ինստիտուցիոնալիզացված փորձագիտական հզոր կենտրոնների կողմից` հիմնավորապես եւ տեւական ժամանակի ընթացքում, ապա քննարկումների արդյունքում ընդունվում քաղաքական ղեկավարության կողմից: Եվ միայն այդքանից հետո են նախագահը, արտգործնախարարը կամ մեկ այլ լիազորված անձ հրապարակում դրանք: Այդ պահից դրանք դառնում են բոլոր ամերիկյան գերատեսչությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների համար գործողության անշեղ ուղեցույց»:

«Հայոց Աշխարհ»-ում Հայաստանի քաղաքական իրավիճակն է մեկնաբանում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա ասում է. - «Կա նաեւ իրավիճակի անկայուն բաղադրիչը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ուժերի հարաբերակցությունը իշխանության մեջ (կամ խորհրդարանում) չի համապատասխանում հասարակության մեջ գոյություն ունեցող ստատուս-քվոյին։ Բնակչության մի ստվար հատված քվեարկել է ընդդիմության օգտին՝ իր ձայնը տվել է այն թեկնածուներին, որոնք հանդես էին գալիս ընդդիմադիր կարգախոսներով։ Ընտրողների ավելի քան 20 տոկոսը քվեարկել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, 17 տոկոսը՝ Արթուր Բաղդասարյանի, որը նույնպես հանդես էր գալիս հօգուտ արմատական փոփոխությունների։ Այդ մարդկանց մի մասը դժգոհ է, որ «Օրինաց երկիր»-ը այսօր կոալիցիայի մեջ է, եւ համարում է, որ իր շահերը խորհրդարանում ներկայացված չեն։ Ցանկացած գունավոր հեղափոխություն՝ հաջողված կամ անհաջող, տեղի է ունենում ընտրությունների ընթացքում։ Քանի դեռ կա հույս, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել, մարդիկ մասնակցում են այդ գործընթացներին, երբ հույսը մարում է, հայտնվում են ապատիայի մեջ»։

«Տարեգիր» թերթի խմբագրականը ներկայացնում է մարտի 1-ի հանրահավաքը. - «Մարտի 1-ը՝ հանրահավաքն ու Երեւանում երբեւէ տեղի ունեցած ամենամարդաշատ երթերից մեկը, շատ լուրջ ազդանշան էին բռնապետության պարագլուխներին, որ սկսվում է Համաժողովրդական պայքարի հերթական փուլը... Դա փայլուն ցույց էր, որ մեր հասարակությունն ընդհանուր ապագա չունի մեկ տարի առաջ իր հետ թշնամացած, վստահության ու փոխըմբռնման բոլոր կամուրջներն այրած, բռնությամբ ու արյունահեղությամբ իշխանությունը զավթածների հետ։ Եթե վերջիններս բավարար խոհեմություն չունենան հաշվի առնելու այս իրողությունը, ուրեմն հայ ժողովուրդը գործ ունի այսօր արդեն անմեղսունակ ձեւացող բախտախնդիրների հետ»։ «Միակ բանը, որի համար իսկապես արժե ափսոսալ, ժամանակի կորուստն է», - եզրափակում է թերթը:

«Գոլոս Արմենիի»-ին «Ոչ թե աղքատ ազգական, այլ գործընկեր» ենթավերնագրով հոդվածում ներկայացնում է իր մեկնաբանությունները վարչապետի մոսկովյան այցի վերաբերյալ. - «Հայկական կողմի երախտիքը հայտնելով, Տիգրան Սարգսյանը նշեց, որ 50 միլիոնը Հայաստանի համար լուրջ գումար է: «Մենք համոզված ենք, որ այս ֆինանսական օգնության շնորհիվ կկարողանանք հաղթահարել միջազգային ճգնաժամի բացասական ազդեցությունը», - ընդգծեց կառավարության ղեկավարը` ավելացնելով, որ այս փողերը կծառայեն Հայաստանում գործող ավելի քան 1000 ռուսական կապիտալով ձեռնարկությունների համար բարենպաստ մակրոտնտեսական միջավայրի ստեղծմանը: Հենց այս պատճառով էլ շատ կարեւոր է, որ նաեւ ռուսաստանցիները իմանան, որ 500 միլիոնանոց վարկը ոչ թե բարեգործական օգնություն է «աղքատ» հայկական պետությանը, այլ գործընկերների միջեւ փոխադարձաբար շահավետ գործարք: Այնպես որ, Հայաստանի վարչապետի հայտարարություններն այս տեսանկյունից առավել քան առօրեական են»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Պատճառը, որով հիմնավորվում է իշխանությունների երազած սցենարի անկենսականությունը, դոլարի նկատմամբ հիմնական պահանջատերերն են: Դրանք ամենեւին էլ բանկերի կամ չենջերի առաջ հերթ կանգնած մարդիկ չեն: Նրանց ձեւավորած պահանջարկը փոքր է, եւ այնքան էլ դժվար չէ այդ պահանջարկը լրացնել: Արտարժույթի նկատմամբ հիմնական պահանջարկը ձեւավորում են ներկրողները եւ Հայաստանում գործող ենթակառուցվածքային ձեռնարկությունները: Ներկրողները, իրենց ներկրած ապրանքը Հայաստանում դրամով վաճառելուց հետո, այդ դրամը պետք է վերածեն արտարժույթի եւ տանեն արտասահման` ապրանքի նոր խմբաքանակ ձեռքբերելու համար: Իսկ ենթակառուցվածքային ընկերությունները, որոնք հիմնականում ռուսական են («Հայռուսգազարդ», «ՀԷՑ», «ԱրմենՏել-Բիլայն», ՎիվաՍել-ՄՏՍ» եւ այլն), իրենց մատուցած ծառայությունների համար կանխիկ դրամ են ստանում: Իսկ քանի որ Հայաստանը թերեւս միակ երկիրն է, որտեղ դոլարը չի թանկացել, ապա նրանք շտապում են էժան դոլարը այստեղ գնել եւ այն տանել Ռուսաստան, որտեղ դոլարը թանկանում է, եւ սա բնական է»:

lragir.am-ը քննարկում է քննարկում է օրերս տեղի ունեցած հանդիպումը Հանրապետության նախագահի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջեւ: Սերժ Սարգսյանը ասել է. - «Հայաստանի Հանրապետության պետական կառույցների համար ավելի փորձառու եւ ազդեցիկ դաշնակից անհնար է պատկերացնել»: «Ի՞նչ է նշանակում «ավելի փորձառու եւ ազդեցիկ դաշնակից», - հարցում է մեկնաբանը: - «Ում վրա է ազդելու պետական կառույցների այդ դաշնակիցը։ Ինչպես է ազդելու։ Արդյոք պետական կառույցներին քննադատողներն այլեւս ոչ միայն գունավոր հեղափոխական, պետության թշնամի, օտարերկրյա լրտես են հռչակվելու, այլ նաեւ հերետիկոս, հավատուրաց, սատանայապաշտ։ Արդյոք ընդդիմության հանրահավաքներին եւ ցույցերին արդեն ոչ միայն մահակով ոստիկաններ են կանգնելու որպես պատնեշ, այլ նաեւ գավազանով հոգեւորականներ, որպես պետական կառույցների ազդեցիկ դաշնակից։ Արդյոք եկեղեցին պետք է լինի պետական կառույցների, թե պետք է լինի հավատացյալ հայ ժողովրդի դաշնակիցը։ Սրանք հարցեր են, որ առաջանում են նախագահական մտքերից եւ եկեղեցու գործողություններից, որոնք սովորաբար լինում են այդ մտքերի արգասիքը»։


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG