Մատչելիության հղումներ

logo-print

Այս շաբաթ Ժնեւում կհանդիպեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները


Մարտի 6-ին Ժնեւում հանդիպելու են Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Դա կլինի երկու գերտերությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների անդրանիկ հանդիպումը Միացյալ Նահանգների վարչակազմի փոփոխությունից հետո:

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան ղեկավարների շփումներն այս փուլում իրականացվել են հեռախոսային եւ նամակագրության ձեւաչափերով:

Ռուսաստանյան մամուլը, մասնավորապես, «Կոմերսանտ»-ը, վկայակոչելով ինչ-ինչ հավաստի աղբյուրներ, պնդում է, թե իր նամակում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հավաստիացրել է, որ կա երկու երկրների հարաբերությունները Ռուսաստանի տեսակետից խոչընդոտող գխավոր մտահոգությունը` Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային համակարգի տեղադրումը կանխելու հրաշալի տարբերակ, որը կփարատի նաեւ ամերիկացիների մտահոգությունները, այն է. համատեղ ջանքերով կասեցնել Իրանում միջուկային ռումբի ստեղծումը, որը եւ ժամանակին ստիպել էր Վաշինգտոնին հանդես գալ Չեխիայում ռադար եւ Լեհաստանում հրթիռային կայանք տեղադրելու նախաձեռնությամբ:

Այսօր Մեդվեդեւը մեկնել է Իսպանիա: Այցի նախօրեին իսպանական մամուլին տված հարցազրույցում նա հույս է հայտնել, որ հակահրթիռային համակարգի հարցում ամերիկյան նոր վարչակազմը նախորդի համեմատ ավելի ստեղծագործական եւ գործընկերային դիրքորոշում կորդեգրի: «Մենք մեր ամերիկացի գործընկերներից արդեն ստացել ենք այդպիսի ազդակներ, ակնկալում եմ, որ դրանք կդառնան կոնկրետ առաջարկներ, հուսով եմ, որ մեր առաջին հանդիպման ընթացքում մենք կքննարկենք այդ հարցը, որը շատ կարեւոր է Եվրոպայի համար», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Դմիտրի Մեդվեդեւի եւ Բարաք Օբամայի առաջին հանդիպումը նախատեսված է Լոնդոնում` ապրիլի 2-ին կայանալիք 20 երկրների գագաթնաժողովի շրջանակներում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG