Մատչելիության հղումներ

Ընդդիմության հազարավոր աջակիցներ մասնակցեցին հանրահավաքին. Video






2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքին հազարավոր մարդիկ մասնակցեցին:

Հանրահավաքի սկզբում հանդես գալով բացման խոսքով Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը մեկ առ մեկ թվարկեց մարտյան իրադարձությունների բոլոր 10 զոհերի անունները` խնդրելով 1 րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը:

Հանրահավաքի ընթացքում միակ ելույթ ունեցողը Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Իր ելույթում, Տեր-Պետրոսյանը ընդդիմությանը կոչ արեց հրաժարվել «ապստամբության կամ հեղափոխության գաղափարներից», քանի որ Հայաստանը, ընդդիմության առաջնորդի գնահատմամբ, կանգնած է` «ժողովրդավարության վերականգնման, Ղարաբաղյան կարգավորման, տարածաշրջանային մեկուսացման հաղթահարման եւ տնտեսական ճգնաժամի դիմագրավման մարտահրավերների առջեւ»:

«Առջեւում մեզ սպասում են ավելի դժվարին ժամանակներ՝ հղի սոցիալական եւ անգամ հումանիտար աղետի առաջացման վտանգներով: Երկիրն, իմ խորին համոզմամբ, ուղղակի գլորվում է վիհը», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը, նշելով, որ առայժմ «պահանջվում է գործել առավել զգուշությամբ ու պատասխանատվությամբ՝ չբարդացնելու համար առանց այդ էլ բարդ իրավիճակը» եւ կանխագուշակելով, որ շուտով ընդդիմության պայքարի համար «առավել նպաստավոր» պայմաններ են ստեղծվելու:

Այդուհանդերձ, ընդդիմության առաջնորդը իշխանություններին մեղադրեց մարտյան իրադարձությունների բուն պատասխանատուների` մարդասպանների, հրձիգների, խանութներ թալանողների «հանցագործությունները կոծկելու» մեջ:

Մինչ հանրահավաքը ոստիկանները փորձում էին խոչընդոտել մարդկանց հոսքը դեպի Մատենադարանի հարթակ, սակայն հանրահավաքի կազմակերպիչների հորդորների եւ հավաքվածների ճնշման արդյունքում շուտով տեղի տվեցին եւ բացեցին ճանապարհը:

Ոստիկանությունը երեկ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ էր նախաձեռնել:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցները ականատես են եղել մի շարք դեպքերի, երբ մարզերից դեպի Երեւան տրանսպորտի երթեւեկությունը արգելվել կամ սահմանափակվել էր` տարբեր պատճառաբանություններով:

Հանրահավաքին հաջորդեց երթ` Մաշտոցի պողոտա - Գրիգոր Լուսավորիչ պողոտա - Մյասնիկյանի արձան - Իտալիայի փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Թումանյան փողոց - Հյուսիսային պողոտա երթուղով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG