Մատչելիության հղումներ

Համանախագահները հանդիպեցին Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Բեռնար Ֆասիեին եւ Մեթյու Բրայզային, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին այսօր ընդունել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ցյուրիխյան հանդիպմանը, քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլի հետ կապված հարցեր: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությանը հակասող հայտարարություններն ու ձեւակերպումները չեն նպաստում կարգավորման ուղղությամբ առաջընթացի ամրագրմանը: Համանախագահները տեղեկացրել են նաեւ Բաքվում եւ Ստեփանակերտում կայացած բանակցությունների արդյունքների մասին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արտգործնախարարության մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, միջնորդների հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը եւ կողմերի մոտեցումները: Համանախագահները Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել են Ստեփանակերտում եւ Բաքվում ունեցած իրենց հանդիպումների արդյունքները:

«Էդվարդ Նալբանդյանը ողջունեց Մինսկի խմբի համանախագահների փետրվարի 19-ի հայտարարությունը, որը, նախարարի բնորոշմամբ, բացառում է Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքը եւ լիովին համահունչ է Մոսկովյան հռչակագրին եւ 2008 թվականին Հելսինկիում ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի ընդունած հայտարարություններին», - ասաց Տիգրան Բալայանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո համանախագահները կրկին հանդիպել են արտգործնախարարին, այս անգամ` աշխատանքային ճաշի ձեւաչափով:

Ավելի վաղ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան տեղեկացրել էր, որ իրենց երեւանյան բանակցություններից է կախված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը: Այս պահին դեռ հայտնի չէ` արդյոք համանախագահները կրկին մեկնելո՞ւ են Բաքու. այսօր նրանք մնալու են Երեւանում, վաղն առավոտյան էլ նախատեսված է նրանց հանդիպումը հայաստանցի լրագրողների հետ:

Նախագահի մամլո գրասենյակից հայտնում են նաեւ, որ կիրակի օրը Սերժ Սարգսյանն ընդունել էր Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG