Մատչելիության հղումներ

Մոմավառություն` մարտի 1-ի զոհերի հիշատակին


Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ մեկ տարի առաջ տեղի ունեցան ողբերգական իրադարձությունները, շաբաթ օրը անցկացվեց մոմավառություն եւ հոգեհանգստյան կարգ մատուցվեց 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին: Միջոցառումը նախաձեռնել էր Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:

«Անընդունելի եմ համարում յուրաքանչյուր զոհ, յուրաքանչյուր մի կաթիլ արյուն` հայի արյուն, որ թափվի որտեղ ուզում է լինի, մանավանդ` Հայաստանում: Եվ առաջնահերթ քննադատում ենք իշխանություններին` այն առումով, որ իրենք պետք է կանխեին, պետք է պրոֆիլատիկ աշխատանքներ անեին եւ չհասցնեին մթնոլորտը այդ ընթացքին», - լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Կարապետյանը:

Անցած մեկ տարում մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ Ժողովրդական կուսակցության առաջնորդը ասաց. - «Ինձ համար անընդունելի է: Անընդունելի են ե’ւ այդ դատավարություները, որոնք մի քիչ մթնոլորտը անլուրջ են մատուցում ժողովրդին, ե’ւ ընդհանրապես` ես ապրիլ ամսից ասել եմ համաներման մասին: Ես կողմնակից եմ համերաշխության, համաներման, եւ որ ազգը ներկայացված լինի մի միավորով, պառակտումներին էլ եմ դեմ»:

Տիգրան Կարապետյանի խոսքերով, իշխանությունները փորձել էին խոչընդոտել մոմավառությունը` էլեկտրաէներգիա չտրամադրելով կազմակերպիչներին: Սակայն ակցիայի նախաձեռնողները հաղթահարել էին խոչընդոտը` բարձրախոսը միացնելով իրենց հետ բերած էլեկտրաէներգիայի սնուցիչից:

Մյասնիկյանի արձանի պատվանդանին վառվեցին հազարավոր մոմեր, հազարավոր ծաղիկներ դրվեցին:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG