Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցություն. «Սումգայիթում կատարվածը ցեղասպանություն էր»


«Ժառանգություն» կուսակցությունը այսօր հանդես է եկել
սումգայիթյան ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ` արձանագրելով, որ «21 տարի առաջ այս օրը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ ազգաբնակչության բնաջնջմանն ուղղված պետական կառույցների կողմից կազմակերպված զանգվածային սպանություններն ու բռնարարքները, որոնք այլ կերպ քան ցեղասպանություն որակել հնարավոր չէ»:

«Այդ գործողությունները որոշ ժամանակ անց տարածվեցին նաեւ Բաքու, Կիրովաբադ եւ այլ քաղաքաների վրա, որի արդյունքում հարյուրավոր հայեր` այդ թվում կանայք եւ երեխաներ, զոհվեցին, իսկ ավելի քան 450000 մարդ բռնագաղթվեց Հայաստան, ինչպեսեւ բազմաթիվ այլ երկրներ», - ասված է հայտարարությունում: - «Մինչ այժմ սումգայիթյան ցեղասպանության կազմակերպիչները չեն կանգնել դատարանի առջեւ եւ պատասխան չեն տվել իրենց գործած ոճիրների համար»:

«Ու թեեւ ներկայիս Ադրբեջանական հանրապետությունը հրաժարվել է իրեն Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը ճանաչել, այդուհանդերձ` նրա ղեկավարությունը ժառանգել է նույն եղեռնածին քաղաքականությունը եւ այսօր էլ շարունակում է հայ ազգի դեմ պետական մակարդակով ծավալել ստի եւ կեղծիքի վրա հիմնված սանձարձակ քարոզչություն, ձեւավորում է այլատյացության եւ անհանդուրժողականության մթնոլորտ, որի սահմռկեցուցիչ հետեւանքների թվին է պատկանում Բուդապեշտում հայ սպայի կացնահարումը եւ այդ ոճրի իրագործողին Ադրբեջանում ազգային հերոս ճանաչելը», - ասված է հայտարարությունում:

«Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ «պաշտոնական Բաքվի նման վարքագիծը անընդունելի է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ փոխադարձ վստահության ձեւավորման տեսանկյունից, որի դեպքում միայն հնարավոր կլինի լուծել երկու երկրների միջեւ առկա կնճռոտ խնդիրները». - «Հակառակը` Ադրբեջանի ներկայիս իշխանությունների նման ներքին եւ արտաքին քաղաքականության շարունակումը զրկում է նրան Արցախի հայության հանդեպ գերիշխանություն հաստատելու որեւէ բարոյական իրավունքից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG