Մատչելիության հղումներ

Այսօր Երեւանում ԱՄՆ-ի դոլար գնել ցանկացողների մեծամասնությանը դա չէր հաջողվում, քանի որ տարադրամի փոխանակման կետերը, ինչպես նաեւ որոշ բանկեր հրաժարվում էին դոլար վաճառել:

«Այսօր ոչ մի տեղ դոլար չի վաճառվում, բայց գները գրված են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մի կին, ով առավոտվանից փորձում էր դոլար գնել:

«Տասը տեղ մտել ենք, դոլար չեն ծախում: Իմ աչքի առաջ մեկը մոտեցավ երկու հարյուր դոլար մանրեց, ես ասացի` դոլար վաճառիր, ասաց` չկա», - պատմեց մի տղամարդ:

Հարցին, թե, իրենց կարծիքով, ինչն է պատճառը, դոլարի «ձախողակ» գնորդներից մեկը պատասխանեց. - «Կվաճառեն, երբ որ թանկանա: Սպեկուլյացիա` ոնց որ միշտ»:

Տարադրամի փոխանակման կետերից մեկի աշխատակցի կարծիքով, ստեղծված իրավիճակը խուճապի արդյունք է. - «Պանիկա է: Իմ դրամարկղում [հիմա կա 125 դոլար], իսկ նախկինում լինում էր այս ժամին 20 հազար դոլար»:

Նույն վիճակն էր նաեւ մայրաքաղաքի այլ փոխանակման կետերում:

Տարադրամի փոխանակման մեկ այլ կետի աշխատակցի կարծիքով նույնպես, ստեղծված իրավիճակի պատճառը խուճապն է, քանի որ «20 դոլարի դրամ ունեցողն էլ գալիս է, ուզում է դոլար առնել»:

«Արդշինինվեստբանկ»-ի մասնաճյուղերից մեկի կառավարիչը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե մարդիկ «աժիոտաժի մեջ են ընկել»:

Հայաստանի կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Զարուհի Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե բանկերում դոլար վաճառում են:

«Խնդիր չկա, ամեն ինչ սպասարկվում է, բանկային համակարգը շատ հստակ աշխատում է», - ասաց նա:

Այսօր երեւանյան բանկերում եւ տարադրամի փոխանակման կետերում դոլար գնել ցանկացողները, սակայն, դրա հետ համաձայն չէին. - «Թող գա ամբողջ քաղաքով մի հատ այց կատարի»:

Մեկ այլ մեջբերում անենք Կենտրոնական բանկի մամուլի խոսնակի հայտարարությունից. - «Չի կարելի գնալ փոխանակման կետեր, որոնք, որպես կանոն, սպասարկում են ստվերային տնտեսությունը, եւ, անշուշտ, սպեկուլյատիվ խաղերով են զբաղված»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG