Մատչելիության հղումներ

«7-ի գործի» քննությունը տեղափոխվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, VIDEO


Այսօր Երեւանի քրեական դատարանում «7-ի գործով» դատավարության վերջին նիստն էր, քանի որ ըստ «Քրեական դատավարության օրենսգրքի» փոփոխությունների, քրեական դատարանը մարտի 1-ից լուծարվում է, իսկ «7-ի գործը» տեղափոխվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:




Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, դատավարության գործընթացի վերաբերյալ նիստի սկզբում ամբաստանյալների հնչեցրած քննադատական մի քանի հայտարարություններից հետո ընդմիջում հայտարարեց, որից հետո հրապարակեց հետեւյալ որոշումը. - «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ես` դատավոր Մնացական Մարտիրոսյանս, նշանակվել եմ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր, սույն քրեական գործով դատական քննությանը դատավորի մասնակցությունը անհնարին չէ: Հետեւաբար գործի քննությունը պետք է շարունակել դատարանի նույն կազմով: Վերոգրյալի հիման վրա էլ որոշեցի սույն քրեական գործը 2009 թվականի մարտի 1-ից փոխանցել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` գործի քննությունը շարունակել նույն կազմով»:

Ամբաստանյալներից Մյասնիկ Մալխասյանը հայտարարությամբ հանդես եկավ` ասելով. - «Դուք այստեղ հրապարակեցիք, որ դուք արդեն նշանակված եք Նորք-Մարաշի առաջին ատյանի դատավոր, բայց այստեղ դատարանում դատավարություն եք վարում: Սա անհասկանալի անհեթեթություն է: Մենք չենք հասկանում հիմա մենք ո՞ւմ հետ գործ ունենք»:

Պատճառաբանելով, որ Մնացական Մարտիրոսյանը արդեն քրեական դատարանում չի աշխատում, հայտարարված հերթական ընդմիջումից հետո ամբաստանյալները «Ոտքի’, դատարանն է գալիս» կոչից հետո նստած մնացին: Դատավորը դա անհարգալից վերաբերմունք համարեց: Այնուհետեւ պարզաբանեց, որ իրեն առաջին ատյանի դատավոր նշանակելու վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ուժի մեջ է մտնում մարտի 1-ից, այսինքն ինքն այս պահին հանդիսանում է քրեական դատարանի դատավոր:

«Նկատի ունենալով, որ թյուրըմբռնման արդյունք է ձեր անհարգալից վերաբերմունքը, ձեզ ընդամենը նախազգուշացնում եմ», - ասաց դատավոր Մարտիրոսյանը:

«Մենք թյուրըմբռնում ունենք ընդհանրապես Հայաստանի դատական համակարգի նկատմամբ», - հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը:

Ի վերջո, Մնացական Մարտիրսյանը դատական նիստը հետաձգեց մինչեւ մարտի 4-ը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG