Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանի մոսկովյան այցի օրակարգում կենտրոնական հարցը 500 մլն դոլարի հակաճգնաժամանային վարկն է


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այսօր ժամանել է Մոսկվա, արդեն հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների` այդ թվում երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են հիմնականում Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելիք 500 մլն դոլարի հակաճգնաժամային վարկի տրամադրման պայմանները:

Ավելի վաղ Հայաստանի դեսպանատանը հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ այդ վարկի հարցը լուծված է, եւ վարկը Հայաստանի կտրամադրվի մինչեւ ընթացիկ մարտի վերջը: Վարչապետը, սակայն, չի մանրամասնել վարկի տրամադրման պայմանները:

Հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագիրը, այն խնդիրները, որ պետք է Հայաստանը լուծի ճգնաժամից մինիմալ կորուստներով դուրս գալու համար:

Վարչապետը կարեւորել է հակակոռուպցիոն ծրագրի իրականացումը` շեշտելով, թե «հենց կոռուպցիան է խոչընդոտում Հայաստանի տնտեսության նորմալ զարգացմանը»:

Հանդիպումը Տիգրան Սարգսյանը ավարտել է կոչով ռուսաստանաբնակ հայ գործարարներին. - «Բարի վերադարձ Հայաստան, բարի վերադարձ հայրենիք»:

Հայաստանի վարչապետը ճգնաժամի «պլյուսներից» է համարել այն, որ Հայաստան են վերադարձել մեծ թվով մասնագետներ, մարդիկ, որ պատրաստ են աշխատել Հայաստանում: Վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունը ամեն բան անում է, որ «այդ մարդկանց ներգրավի»:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG