Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը ոստիկանությանը կոչ է անում մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի եւ երթի ընթացքում «ժողովրդին չգրգռել ու սադրիչ գործողությունների չգնալ»:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը այսօր լրագրողներին հայտնեց, որ ընդդիմությունը «աննախադեպ միջոցներ է ձեռնարկել» հանրահավաքի ընթացքում հասարակական կարգն ապահովելու համար: Մասնավորապես, մի քանի տասնյակ հազար թռուցիկներ են բաժանվել, որտեղ միջոցառման մասնակիցներին կոչ են անում «ամեն ինչ անել հասարակական կարգն ապահովելու համար եւ համատեղ ջանքերով բացահայտել սադրիչներին»:

«Մենք հատուկ մշակեցինք այդ ինստրուկցիաները մեր շարժման մասնակիցների համար, որոնց նպատակն այն էր, որ բացառենք որեւէ կոնֆլիկտ ոստիկանության հետ», - ասաց Զուրաբյանը: - «Ոստիկանությունը, հակառակ մեր ջանքերի, ինչպես ցույց տվեց 7-ի դատավարության ժամանակ ոստիկանության պահվածքը, շարունակում է ագրեսիվ, սադրիչ, ժողովրդին գրգռելու տակտիկան»:

Ասվածն ապացուցելու համար Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց փետրվարի 26-ին «7-ի գործով» դատավարության ժամանակ տեղի ունեցած միջադեպը. - «Ոստիկանը` Կարեն Մովսիսյանը, Զեյթուն-Քանաքեռ ՊՊԾ-ի պետը, ագրեսիվ պահվածքով հարձակվում էր ժողովրդի վրա հենց դատավարության բակում: Երբ ես մոտեցա, հանգստացրեցի ժողովրդին, հիշեցրեցի այդ կանոնների մասին, որ նրանք ընդհանրապես չպետք է կոնտակտի մեջ մտնեն ոստիկանության հետ, այդ ոստիկանը շարունակում էր գրգռիչ հայտարարություններ անել, հայհոյանքներ տեղալ»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի` ոստիկանությունն այս օրերին նաեւ մի շարք միջոցառումներ է ձեռնարկում Երեւան բերող ճանապարհները փակելու ուղղությամբ: Մասնավորապես, ընդդիմությունը տեղեկություն ունի, որ ահաբեկում են երթուղայինների վարորդներին: Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ այդ օրերին տրանսպորտային միջոցների համար վառելիք չի վաճառվելու:

«Սարսափած են նրանից, որ իրենց ստերը բացահայտվելու են: Նրանք փորձել են ամբողջ միջազգային հանրությանը եւ հասարակությանը համոզել, որ շարժումը մարել է, ներքին կայունությունը վերականգնված է, քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա», - հայտարարեց Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսն այսօր նաեւ հայտարարություն է տարածել, որտեղ իշխանություններին եւ ոստիկանությանը կոչ է անում համատեղ ջանքերով եւ համագործակցությամբ ապահովել մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված խաղաղ հանրահավաքի եւ երթի բնականոն ընթացքը:

«Միակ ճիշտ ճանապարհը դա քաղբանտարկյալների ազատումն ու հակաժողովրդավարական բռնաճնշումների դադարեցումն է, որից հետո իշխանությունները եւ ընդդիմությունը պետք է երկխոսության միջոցով համատեղ լուծումներ փնտրեն ներքին քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ», - ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ: - «Մարտի 1-ը կարող էր դառնալ ազգային հաշտության սկիզբ, եթե իշխանությունները ընտրեին այդ ճանապարհը: Ցավոք իշխանությունները բաց թողեցին այդ հրաշալի հնարավորությունը: Բայց մեր բոլորիս պարտականությունն է այնպես անցկացնել մարտի 1-ը, որ այդ ճանապարհը շարունակի բաց մնալ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG