Մատչելիության հղումներ

Կոալիցիայի կուսակցությունները առանձին-առանձին են մասնակցելու Երեւանի քաղաքապետի ընտրություններին


Իշխանական բոլոր 4 կուսակցությունները խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այսօր հայտարարեցին, որ քաղաքապետի ընտրություններին պատրաստվում են առանձին-առանձին մասնակցել, թեեւ այդ առնչությամբ չկա կոալիցիայի միասնական որոշում:

Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) վաղը գործադիր մարմնի նիստ կանցկացնի, որում քննարկվելիք հիմնական հարցը, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի փոխանցմամբ, կլինի այն, թե ով կգլխավորի ՀՀԿ-ի ցուցակը մասիսի 31-ին Երեւանում տեղի ունենալիք ավագանու ընտրություններում: Այսինքն` վաղը պարզ կդառնա, թե ով է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն:

«Քաղաքի կյանքում այս անգամ էլ Հանրապետականը մեծ դերակատարում կունենա», - հավելեց Սահակյանը:

«Օրինաց երկիր»-ի թեկնածունի անունը, ինչպես ասաց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, պարզ կդառնա երկուշաբթի օրը հրավիրվելիք կուսակցության վարչության նիստից հետո:

Դաշնակցության ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը ասաց, որ կուսակցությունը դեռ չի որոշել մայրաքաղաքի ավագանու թեկնածուների ցուցակը, հետեւաբար նաեւ` թե ով կգլխավորի այն:

«Սա մենք համարում ենք քաղաքական ընտրություններ եւ անպայման մասնակցելու ենք ակտիվորեն այս կամ այն կերպ այդ ընտրություններին», - հայտարարեց Կարապետյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ը եւս, կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, քննարկումներ այս հարցի վերաբերյալ դեռեւս չի անցկացրել:

Հարցին, թե հնարավոր է, որ ցուցակը գլխավորի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Զոհրաբյանը պատասխանեց. - «Գագիկ Ծառուկյանը երեք տարվա Երեւանում գրանցում չունի»: Պատգամավորը հավելեց, թե «կուսակցությունը միայն կշահեր, եթե Ծառուկյանը գլխավորեր ցուցակը»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ կուսակցությունը բանակցում է Հայ ազգային կոնգրեսի հետ` միասնական ցուցակով քաղաքապետի ընտրություններին մասնակցելու նպատակով:

«Բանակցություններ են տարվում, որպեսզի Երեւանի ավագանու ընտրություններին միասնական թեկնածուով մասնակցի ընդդիմադիր ճակատը», - ասաց Մարտիրոսյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG