Մատչելիության հղումներ

logo-print
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հինգշաբթի երեկոյան ժամանել են Բաքու, ուր այսօր հանդիպում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Օդանավակայանում կայացած ճեպազրույցում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, որ այցելության ընթացքում միջնորդները մտադիր են կողմերի միջեւ համաձայնեցնել շրջանակային համաձայնագրի որոշ կետեր: Նա չի բացառել, որ Երեւան այցելելուց հետո իրենք կարող են վերադառնալ Բաքու:

«Մենք կատարում ենք նախագահների խնդրանքը, որ նրանք ներկայացրեցին Ցյուրիխում, որպեսզի կարծես թե նոր անկյան տակ քննարկենք հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին վերաբերող` դեռեւս չլուծված մի քանի կետեր: Հիմա մեզ անհրաժեշտ է ստանալ կողմերի տեսակետները այդ հարցերի վերաբերյալ, որպեսզի փորձենք համատեղել ու նորից առաջարկել կողմերին: Դրա համար ես չեմ բացառում, որ Երեւանից հետո նորից վերադառնանք Ադրբեջան», - ասել է Մերզլյակովը:

Թուրքական լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, թե «գրավյալ» տարածքները վերադարձվելու են, իսկ Ղարաբաղում հաստատվելու է ժամանակավոր կառավարություն. ռուսաստանցի համանախագահը Բաքվում չի պատասխանել դրանց վերաբերող հարցերին` ասելով, թե չի մեկնաբանի այդ լուրերը:

Իսկ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենամարկերի հայտարարության վերաբերյալ, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոսկե հնարավորություն կա, Մերզլյակովը ասել է. - «Մենք միշտ համարել ենք, որ ոսկե, թե ոչ` օբյեկտիվ հնարավորություն կա: Մնում է ապահովել սուբյեկտիվ գործոնները, որոնք կախված են կողմերի քաղաքական կամքից: Անհրաժեշտ է ընդունել բավական դժվարին որոշում: Երբ դա տեղի ունենա, այն ժամանակ էլ ոսկե հնարավորություն կլինի: Հիմա ես դեռ չեմ կարող ասել, որ այն կա»:

Միջնորդները Ադրբեջանից ժամանելու են Երեւան: Նախատեսված է նրանց այցելությունը նաեւ Լեռնային Ղարաբաղ, որը, ինչպես երեկ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ղարաբաղի արտգործնախարարության խոսնակ Մարսել Պետրոսյանը, կախված է եղանակային պայմաններից:

Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է, որ համանախագահները երկուշաբթի օրը Երեւանում հանդիպելու են նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG