Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը երեկ հայտարարել է, որ պարզեցված համակարգով առաջին օժանդակությունը տրամադրում է Հայաստանին եւ Կոնգոյին` օգնելու այդ երկրներին հաղթահարել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները: Բանկի Միջազգային զարգացման ընկերակցության կողմից (IDA) Հայաստանին հատկացվել է 35 միլիոն, Կոնգոյին` 100 միլիոն դոլար փոխառություն:

Համաշխարհային բանկը հայտարարել է, որ իր խորհուրդը հաստատել է փոխառությունները` հաշվի առնելով «հստակ նշանները, որ երկու երկրներում ժողովուրդները տուժում են ճգնաժամից»:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` IDA-ի պարզեցված հատկացումների նորաստեղծ համակարգի նպատակն է ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության եւ սոցիալական ապահովության ցանցերի ֆինանսավորումը դրամաշնորհների եւ անտոկոս երկարաժամկետ վարկերի միջոցով:

Օրերս Համաշխարհային բանկը հաստատել էր Հայաստանին հատկացվելիք չորս փոխառությունների փաթեթը` 85 միլիոն դոլար ընդհանուր գումարով, ինչպես նաեւ երկրին տրամադրվելիք 1,5 միլիոն դոլարի դրամաշնորհը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը անցած շաբաթավերջին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ Հայաստանի կառավարությունը եւ Համաշխարհային բանկը համաձայնություն են ձեռք բերել 525 միլիոն դոլարի շուրջ: «Դրանք ծրագրեր են, որոնք ուղղված են լինելու ենթակառուցվածքների ձեւավորմանը, կրթական համակարգի բարեփոխումներին, այսինքն` Համաշխարհային բանկի հետ մեր ծրագրերը բոլոր ոլորտների հետ առնչություն ունեն, եւ կարծում ենք, որ այդ ծրագրերի արագ, էֆեկտիվ իրականացումը կմեղմի համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները մեզ վրա», - ասել էր վարչապետը:

Համաշխարհային բանկի փորձագետների փոխանցմամբ, կան հստակ նշաններ առ այն, որ Հայաստանում եւ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում թշվառ մարդիկ տուժում են ճգնաժամից: «Հայաստանի տնտեսությունն արդեն ծանր հարված է ստացել, որովհետեւ նվազել են ներդումները, նվազել են տ տրանսֆերթները, արտադրանքի գները, աճել է գործազրկություւնը»,- ասել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Նգոզի 0կոնջո-Իվեալան եւ ավելացրել. - «Սա վկայում է հրատապ օգնության անհրաժեշտության մասին, ինչը թույլ կտա ֆինանսավորել տեղական արտադրությունը եւ այս տարվա ընթացում աշխատատեղեր ստեղծել»:

Փոխանցումները դրսից` այսպես կոչված թրանսֆերտները 2008-ին կազմել են շուրջ 1 միլիարդ 600 միլիոն դոլար, ինչը հավասար է Հայաստանի ներքին համախառն արդյունքի գրեթե 20 տոկոսին: Ենթադրվում է, որ այս տարի թրանսֆերտներն էապես կնվազեն:

Բանկը վերանայել է Հայաստանի ՀՆԱ-ի վերաբերյալ երկնիշ աճի կանխատեսումը եւ ենթադրում է, որ այս տարի այն զրոյին մոտ կլինի:

Հայաստանին հատկացվող 35 միլիոն դոլարով հնարավոր կլինի հեռավոր շրջաններում ֆինանսավորել ճանապարհների վերականգնումը եւ աջակցել փոքր բիզնեսին:

«Մենք տեսնում ենք, որ ֆինանսական ճգնաժամն արդեն շատ ծանր ազդեցություն է գործում աղքատ երկրների վրա: Առաջինն այդ հարվածներին թշվառներն են ենթարկվելու, ակնհայտ է, որ հարկ է արագացնել հրատապ օգնության հատկացումը եւ օգնել նրանց, ովքեր այս անորոշ ժամանակներում իրենց աշխատանքն են կորցնում»,- ասել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Նգոզի 0կոնջո-Իվեալան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG