Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի խմբագիրը «Սառույցը շարժվեց» վերնագրի ներքո գրում է. - «7»-ի դատավարությունը վերջապես շարժվեց մեռյալ կետից, եւ այդ իրադարձությունը, բոլոր դեպքերում, պետք է ողջունել: Թե ինչու են կողմերը վերջապես որոշել կատակերգություն չխաղալ եւ անցնել բուն գործի` կարող եմ միայն կռահել: Հավանաբար, դատավորի եւ մեղադրողների համար դեր խաղաց այն, որ այսօրվա նիստից հետո կրկին` արդեն տեխնիկական պատճառներով, ընդմիջում է հայտարարվելու` դատարանը փոխելու կապակցությամբ: Ամբաստանյալներն էլ ու փաստաբանները, երեւի, վերջնականապես համոզվեցին, որ նրանց ոչ ոք չի պատրաստվում «համաներել» կամ նույնիսկ «մեղմացնել պատիժը». Ազգային ժողովն ամեն ինչ արել է, որ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներն ընդհակառակը` խստացվեն ու քաղբանտարկյալներին որեւէ շանս չտան: Դա, ի դեպ, հակասում է իշխանության` ԵԽ համազեկուցողներին տրված խոստումներին, բայց դա հասկանալը կամ չհասկանալը բացառապես Պրեսկոտի, Կոլոմբիեի ու մնացածների գործն է»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Հայաստանի տնտեսության վիճակը կարելի է բնութագրել ընդամենը երկու բառով` փող չկա: Որպեսզի հասկանալի դառնա, թե որքան աղետալի է վիճակը, միայն մի փաստ բերենք: Վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում Հայաստանը գրեթե նույնքան փող է «պարտք արել», որքան նախորդ 17 տարիների ընթացքում` միասին վերցրած: Եվ որեւէ երաշխիք չկա, որ դա կփրկի իրավիճակը: Վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում Հայաստանը Համաշխարհային բանկից 525 միլիոն դոլար է խնդրել, եւս 500 միլիոն էլ խնդրել է Ռուսաստանից: Այսինքն` հաշված ամիսների ընթացքում Հայաստանը մեկ միլիարդ դոլարից ավելի պարտք է ուզել: Մոտավորապես այդքան էլ այժմ կազմում է Հայաստանի արտաքին պարտքը, որը, ի դեպ, կուտակվել է անցած 17 տարիների ընթացքում»:

Թեման շարունակում է «Հայկական ժամանակ»-ը. - «Երեկ ֆոնդային բորսայում Կենտրոնական բանկը վաճառել է ընդամենը 3 միլիոն 292 հազար դոլար... Ստացվում է, որ Հայաստանում այնքան կանխիկ արտարժույթ կա, որ Կենտրոնական բանկը այլեւս ստիպված չէ մեր արտաքին պահուստներից փող վաճառել: Եթե «ֆիքսված» փոխարժեքի քաղաքականություն իրականացնող Կենտրոնական բանկին մինչ այժմ պետք էր քննադատալ սխալ քայլերի, անհեռատես քաղաքականության, անարդյունավետ միջոցառումներ իրականացնելու համար, ապա երեկ Կենտրոնական բանկը պարզապես անցավ քրեական դաշտ: Կենտրոնական բանկը ուղղակի շանտաժով ու սպառնալիքներով բանկերին արգելել է արտարժույթ գնելու հայտ ներկայացնել ֆոնդային բորսայում: Բանկերին ակնարկվել է` եթե հայտ ներկայացնեք, ապա պրոբլեմներ կստեղծեք ձեր համար»:

«Ժամանակ»-ն իր խմբագրականում գրում է. - «Հայաստանում երկխոսության գաղափարը ինքնին արժեզրկված է, որովհետեւ քաղաքական սուբյեկտներից յուրաքանչյուրը պնդում է մաքսիմալ նպատակներ: Օրինակ` իշխանությունը երկխոսություն ասվածը համարում է հանրահավաքների դադարեցում, իսկ ընդդիմությունը պատկերացնում է, որ երկխոսության արդյունքում անպատճառ պետք է նշանակվեն նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Երկուստեք սխալ մոտեցում է, որովհետեւ երկխոսությունը առաջին հերթին ենթադրում է փոխզիջումներ, համաձայնություն, հակառակ կողմի տեսակետի հարգում: Այսօրվա Հայաստանում առաջին հերթին իշխանությունը պատրաստ չէ նման հանդուրժողականության, հետեւաբար` երկխոսության իրական հիմքն ու օրակարգը բացակայում են: Իշխանությունը, ըստ էության, առաջարկում է առեւտուր` մոտավորապես հետեւյալ սկզբունքով` «ընդդիմությո’ւն, հրաժարվիր քո պահանջներից` ես պատրաստ եմ լուծել քաղբանտարկյալների հարցը»: Բնականաբար, ընդդիմությունը չի կարող ընդունել խաղի այս կանոնները, մանավանդ որ` իշխանություն - ընդդիմություն երկխոսությունը տակավին չի ենթադրում հասարակական համաձայնության կայացում»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Վերջինս ասում է. - «Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածում, որպես իշխանության յուրացում, դիտարկվում է միայն իշխանությունը զավթելը, իբրեւ ավարտուն գործողություն։ Այսինքն՝ իշխանությունը զավթելու փորձը, որպես առանձին հանցակազմ, չի դիտարկվում։ Հարց է առաջանում՝ եթե իշխանությունը զավթել-ավարտել ես, այլեւս ո՞վ է քեզ դատելու. դա արդեն կոչվում է ժողովրդավարություն, գունավոր հեղափոխություն, համաշխարհային պրոցեսների մեջ ինտեգրում։ Դրանից հետո ո՞վ է նրանց դատելու, պատասխանատվության կանչելու։ Հակառակը, իրենք են դատելու»։

«Երկիր»-ը քննարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատրաստվածությունը մայրաքաղաքում սպասվող ընտրություններին. - « Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պարզվում է, ո՛չ Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների ընթացքին ու որակին է ծանոթ, ո՛չ էլ լսել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին։ ԿԸՀ-ն, այն տպավորությունն է ստեղծվում, արթնացել է մեկամյա թմբիրից ու որոշել է կրկին իր վրա բեւեռել քաղաքական ուժերի եւ հասարակության ուշադրությունը։ Ինչի՞ց սկսել` իրենք իրենց այս հարցն են տվել ու որոշել. «Ամեն ինչ պետք է սկսել փող ծախսելուց»։ Կատակ բան չէ` առաջին անգամ հայոց մայրաքաղաքը ընտրելու է իր քաղաքապետին։ Այդ իրադարձությունը պետք է նշանավորել պատշաճ միջոցառումներով, իսկ ավելի կոնկրետ` տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար ընտրական օրենսգրքի ուսուցման դասընթացներ կազմակերպելով եւ դրանից հետո խիստ քննություն ընդունելով։ Պարզ է, ԿԸՀ-ականները չեն մանրամասնում, թե ինչ կարող է տեղի ունենալ մեր այն «դժբախտ» քաղաքացիների հետ, ովքեր այդ մարաթոնն անցնելուց հետո հանկարծ չկարողանան հանձնել քննությունը։ Դո՞ւրս կմնան հանձնաժողովներից։ Տրամաբանությունն, իհարկե, հուշում է, որ դուրս կմնան։ Իսկ ահա ԿԸՀ-ի անդամները, եթե նրանց հարցնենք, կժպտան մեր միամտության վրա, որովհետեւ մենք «չենք հասկացել», որ հանձնաժողովներն առանց անդամների չի կարելի թողնել, քանզի ամեն ինչ կարող է տապալվել։ Ուրեմն, նման դասընթացների կազմակերպման պատճառը ո՞րն է»։


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG