Մատչելիության հղումներ

logo-print

Լրագրող Էդիկ Բաղդասարյանի դեմ կատարված բռնության պատվիրատուները դեռեւս չեն բացահայտվել


Անցյալ տարի նոյեմբերին հարձակման ենթարկված «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանի գործով նախաքննության մարմինը առայժմ չի բացահայտել հանցագործության դրդապատճառները եւ պատվիրատուներին:

Դեպքից մի քանի օր հետո կալանավորվել է որպես վկա ոստիկանություն հրավիրված 20-ամյա Կարեն Հարությունյանը: Նրա շահերի պաշտպան Վահագն Մանուկյանի խոսքով, իր պաշտպանյալին կալանավորել են` «ականատես մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա»:

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, դեպքի վերաբերյալ գրավոր զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության ուսումնական կենտրոնի տեսուչը, ով ականատես էր եղել լրագրողի նկատմամբ կատարված բռնությանը: Նա նաեւ կրակել էր գազային ատրճանակից, որից հետո հանցագործները փախուստի էին դիմել:

Կարեն Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց: Սկզբնական շրջանում ցուցմունք տալուց հրաժարվել է նաեւ վերջինիս մայրը, ով այժմ պնդում է, թե հանցագործության կատարման պահին Կարենը տանն է եղել` խնամել է վիրահատված մորը:

Կարեն Հարությունյանի շահերի պաշտպան Վահագն Մանուկյանի խոսքով, գործով վկա են նաեւ Հարությունյանի մոր բուժող բժիշկը եւ բուժքույրը, ովքեր` « միանշանակ պնդել են, որ Կարեն Հարությունյանը եղել է տանը»:

Էդիկ Բաղդասարյանին զարմացնում է այն հանգամանքը, որ Կարեն Հարությունյանը եւ իր մայրը խուսափել են ցուցմունք տալուց:

«Զարմացրեց, որ ինքը ցուցմունք չի տվել: Առաջին պահին ես էլ էի մտածում, որ լավ` այս տղան ո՞վ է, որ բռնեցին: Հետո, որ ասացին ցուցմունք չի տալիս, ես սկսեցի [կասկածել]: Անմեղ մարդը ինչո՞ւ չպետք է ցուցմունք տա` ես չեմ հասկանում», - ասաց Բաղդասարյանը:

Էդիկ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իրեն հաջողվել է Կարեն Հարությունյանի վերաբերյալ որոշ հանգամանքներ պարզել:

«Տղան դատված է: Ինչ-որ մեկին դանակահարել է: Պետք է այդ ժամանակ բանտում լիներ` բանտում չէր եղել: Զորակոչվել է, հետո բանակից ազատվել է: Այսինքն ինչ-որ կապեր ենք գտել, որոնք տանում են բարձրաստիճան պաշտոնյայի... ընտանիքի հետ մոտ են: Պարզապես սպասում ենք քննության ավարտին», - նշեց «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահը:

Մեզ հետ զրույցում Էդիկ Բաղդասարյանի նաեւ ասաց, որ իր համար
շատ ավելի կարեւոր է բացահայտել, թե ովքեր են այս հանցագործության պատվիրատուները:

Մի քանի օր առաջ այս գործի քննությունը Կենտրոն համայնքի քննչական բաժնի վարույթից տեղափոխել են Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG