Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան. «Իշխանությունները ժողովրդական ալիքի դեմն առնելու որեւէ ռեսուրս չունեն»


Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի համոզմամբ, սեփական իշխանությունը կորցնելու վախը ստիպեց իշխանություններին իրականացնել «մարտի 1» եւ կրակել սեփական ժողովրդի վրա: Նույնը, ըստ Սարգսյանի, տեղի ունեցավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ զգացին, որ Կարեն Դեմիրճյան եւ Վազգեն Սարգսյան զույգը հասարակության մոտ վստահություն է ձեռք բերել, եւ դա սպառնում է «որոշ մարդկանց իշխանությանը»:

Այսօր էլ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը, փորձ է արվում տարբեր մեթոդներով վախեցնել ժողովրդին, որպեսզի մարդիկ չմասնակցեն մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին, սակայն նրա խոսքով` «իշխանությունները ժողովրդական ալիքի դեմն առնելու որեւէ ռեսուրս չունեն»:

«Այդ հանրահավաքի հեղինակը ժողովուրդն է: Ինքն է կազմակերպում այդ հանրահավաքը», - փաստարկեց նա: - «Ու եթե իրենք փորձում են, որ ընդդիմադիր լիդերներին կամ ակտիվիստներին բաժիններ տանելով, մատնահետքերով խնդիր են լուծելու, չարաչար սխալվում են: Այդ դեպքում իրենք ստիպված են ամբողջ հայ ժողովրդի մատնահետքերը վերցնել»:

«Համոզված եմ, որ այդ հանրահավաքը տեղի կունենա, տեղի կունենա օրենքների, Սահմանադրության հարգմամբ», - ասաց նա:

Բախումների հավանականությանը վերաբերող հարցին ընդդիմադիր գործիչը արձագանքեց. - «Կարծում եմ, որ իշխանությունները չեն անցնի խենթության կանխավարկածի: Բայց եթե կանցնեն` այդ դեպքում իրենք կարժանան այս ժողովրդի նզովքին, անեծքին»:

Արամ Սարգսյանի համոզմամբ, իշխանությունների վախի վկայություններից մեկն էլ երեկ «Հանրապետություն» կուսակցության Ավանի շտաբում տեղի ունեցածն է. - «Ապօրինաբար իմ մեքենան նորից վերցրել քաղբանտարկյալ են սարքել, տարել են իրենց մոտ: Այսօր էլ հրաժարվում են այդ մեքենան տալ, մեկը մյուսի վրա է գցում` ակհայտն ցույց տալով, որ դա հրահանգ է, եւ այդ հրահանգը վերեւներից է [գալիս]: Եվ դա հակառակ էֆեկտն է տալիս հասարակության մոտ հանրահավաքին մասնակցելու առումով: Իրենք իրենց կոպիտ քայլերով ավելի ակտիվացնում են հանրահավաքը»:

Երեկ ոստիկանություն էր հրավիրվել «Հանրապետություն» կուսակցության Ավան համայնքի տարածքային կազմակերպության նախագահ Լյովա Եղիազարյանը: Ոստիկանները մտել էին գրասենյակ այն պահին, երբ ընթանում էր խորհրդակցություն մարտի 1-ի հանրահավաքին առնչվող հարցերով` ասելով, թե «ահազանգ կա, որ այստեղ կռիվ է եղել, միջադեպ է եղել»:

Հարցին, թե արդո՞ք իրական է համարում իշխանափոխությունը Արամ Սարգսյանը պատասխանեց. - «Միանշանակ: Հակառակ դեպքում ես գործընթացների չէի մասնակցի: Ես միանշանակ տեսնում եմ այս երկրի փրկությունը իշխանափոխության մեջ եւ բացարձակ ռեալ եմ համարում այսօրվա պայմաններում դա»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG