Մատչելիության հղումներ

Փոխվել են «Իմեդի»-ի եւ Day.az-ի սեփականատերերը


Վրաստանում եւ Ադրբեջանում երկու հայտնի լրատվամիջոցներ` «Իմեդի» հեռուստաընկերությունը եւ Day.az ինտերնետային պարբերականը, վաճառել են իրենց բաժնետոմսերը:

«Իմեդի»-ի սեփականատեր Ջոզեֆ Կեյը «Իմեդի»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառել է Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռակեն Ջորջիա Գրուփ» ընկերությանը, իսկ 10 տոկոսը պահել է իրեն:

Երեկվա ասուլիսում նա ասել է, թե «Իմեդի»-ի բաժնետոմսերը վաճառում է, քանի որ իր մյուս բիզնեսները ֆինանսավորման կարիք ունեն: «Իմեդի»-ն հնարավորություն կունենա ֆինանսավորվելու ավելի հզոր ֆինանսական ընկերությունից, ինչպիսին «Ռակեն Գրուփ»-ն է:

ԱՄԷ-ում գրանցված այս ընկերությունը 2 միլիարդ դոլարի հասնող խոշոր ներդրումներ է կատարել Վրաստանում: Ընկերությանն է պատկանում Փոթիի նավահանգիստը, բիզնեսներ Վրաստանի բանկային համակարգում, շինարարական ոլորտում:

Երեկվա համատեղ ասուլիսում «Ռակեն»-ի ներկայացուցիչ Մարկ Մոնեմն ասել է, թե իրենց ընկերությունը, Վրաստանում մեծ ներդրումներ կատարելով, հիմա էլ մտնում է երկրի մեդիա շուկա: Նրա հավաստմամբ, «Իմեդի»-ի համար օգտակար կլինի հզոր ֆինանսական կազմակերպությունում ընդգրկվելը` անկախ խմբագրական քաղաքականություն իրականացնելու, մենեջմենթը բարելավելու համար:

Վաճառվել է «Իմեդի» հեռուստաընկերության, «Իմեդի» ռադիոյի եւ տեխնիկական ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը, եւ «Ռակեն Ջորջիա Գրուփ»-ի ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ մեդիա հոլդինգ են ստեղծելու:

«Իմեդի» անկախ հեռուստաընկերությունը հիմնադրել էր վրացի մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլին, որը մահացավ անցյալ տարի: Վրաստանի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների ժամանակ իշխանությունները փակեցին «Իմեդի»-ն, հեռուստաընկերությունը երկար ժամանակ չէր գործում:

Մահվանից առաջ Պատարկացիշվիլին «Իմեդի»-ն վաճառել էր իր ազգականին` Ջոզեֆ Կեյին:

Իսկ երեքշաբթի օրը Ադրբեջանում վաճառվել են Day.az եւ Today.az լրատվական գործակալությունները: Դրանց գլխավոր խմբագիր Էլնուր Բաիմովը ասել է, թե վաճառքի որոշումը կայացրել է հիմնադիրը, ինքը մանրամասներին տեղյակ չէ, նոր սեփականատիրոջ հետ չի աշխատելու:

Փետրվարի 18-ից այս գործակալությունները չէին գործում, ինտերնետային էջում գրվում էր, թե ժամանակավորապես փակ են տեխնիկական պատճառներով:

Որոշ փորձագետներ չեն բացառում, որ այս գործարքը կարող է կապ ունենալ մարտի 18-ին երկրում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

(Լուսանկարում` «Իմեդի»-ի տարբերանշանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG