Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Գոլոս Արմենիի»-ին գրում է. - «Եթե Գալուստ Գրիգորիչը [Սահակյանը] հրապարակային կարծիք է հայտնում մայրաքաղաքի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության ինքնուրույն մասնակցության մասին, ապա այդպես էլ կլինի: Այսպիսի մի նախանշան կա. ՀՀԿ-ի ղեկավարի անձնական կարծիքը հազվադեպ է, որ չի համընկնում կուսակցության պաշտոնական դիրքորոշման հետ: Այս դիրքորոշումը դեռ չի հնչեցվել, բայց եթե Սահակյանը հայտարարել է, որ ուժեղները առանձին-առանձին պետք է քվեարկվեն, ապա, հավանաբար, հենց այդպիսին էլ կլինի Հանրապետականի պաշտոնական դիրքորոշումը: Այսպես թե այնպես, մայիսյան ընտրությունները կարտահայտեն կուսակցությունների իրական տեղը երկրի քաղաքական տարածության մեջ: Օրինակ, կլուծեն «Բարգավաճ Հայաստան»-ի եւ «Օրինաց երկիր»-ի միջեւ երկարաձգված վեճն այն մասին, թե կառավարող կոալիցիայում նրանցից որ մեկն է ՀՀԿ-ից հետո երկրորդ կուսակցությունը: Տվյալ դեպքում խոսքը ոչ միայն կառավարող կոալիցիայի կուսակցությունների մասին է: Ճիշտ է, լեւոնական կոնգրեսը կարող է խայտառակությունից խուսափել` եթե դիմի մայիսյան ընտրությունների բոյկոտին` վկայակոչելով քաղաքական կալանավորների առկայությունը ու իշխանությունների հետ երկխոսության բացակայությունը»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրուցել է անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Նա ասում է. - «Իշխանությունները փորձում են լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից, եւ լուծումներից մեկը կարող էր լինել 2008 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին լայնածավալ համաներում հայտարարելը: Որովհետեւ այն ժամանակ արտաքին ճնշումներ չկային, ընդդիմության հանրահավաքային շարժումն էլ ժամանակավորապես սառեցվել էր։ Այս պայմաններում, եթե իշխանությունը նախաձեռներ լայնածավալ համաներում, դրանով քաղաքական լարվածությունը որոշակիորեն կմեղմանար։ Բայց քանի որ դա տեղի չունեցավ, այժմ հնարավոր է երկու սցենար։ Առաջինը այն է, ինչը այսօր իշխանությունները փորձում են իրականացնել՝ համապատասխան հոդվածների փոփոխություն, որով մեղադրանքները կարող են վերաորակվել, եւ դա կազդի «Յոթի գործով» անցնող անձանց վրա։ Մյուսը համապատասխան դատավճիռներից հետո դարձյալ լայնածավալ համաներումն է, որը կվերաբերվի նաեւ այդ անձանց»։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը ասում է. - «Ինձ համար հասկանալի է դժգոհությունը այսօրվա կյանքից եւ դրա հասցեագրումը իշխանությանը, քանի որ առաջին ու գլխավոր պատասխանատուն հենց նա է: Բայց ինձ համար հասկանալի չէ այդ դժգոհությունը իշխանավորների ծագումնաբանական տարածքի ու դրա բնակիչների դեմ ուղղելը... Ավելի հեշտ է ղարաբաղցիներին մեղադրելն ու նրանց քավության նոխազ սարքելը, ավելի հեշտ է ուրիշի դեմ պայքարելը, քան ինքդ քո դեմ: Բայց այստեղ մի նրբերանգ կա. նրանք ո՞ր Ղարաբաղն են ատում: Նրանց իմացած Ղարաբաղը Հայաստանի ղարաբաղցի ղեկավարներն են: Նրանք այլ Ղարաբաղ չգիտեն: Ըստ էության, նրանք ընդհանրապես Ղարաբաղ չգիտեն... Ես եմ Ղարաբաղը եւ ուզում եմ հասկանալ, թե ինչու եմ արժանացել ատելության: Որ Ղարաբաղից «սպեցնա՞զ» է գալիս: Ե՞ս եմ ուղարկել... Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարացման բոլոր փորձերն էլ շնչահեղձ են եղել Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականության պատճառով»:

«Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը ասել է. - «Պետական պաշտոնյա-գործարարները վերածվել են օլիգարխների, որոնք խուսափել են հարկերի բավարար վճարումներից՝ չարաշահելով իրենց պետական դիրքերը, խեղաթյուրել են շուկաները անհավասար պայմանների շնորհիվ, խախտել մրցույթի կանոնները, խանգարել եւ կամ արգելակել փոքր եւ միջին գործարարների մուտքը դեպի արտադրություն եւ, այսպիսով, նաեւ կտրուկ սրել սոցիալական բեւեռացումը հանրապետությունում»:

«Չորրորդ իշխանություն»-ը վերլուծում է. - «Երկար ժամանակ էր, ինչ Քոչարյանի վերադարձի թեմայի մասին որեւէ մեկը որեւէ բան չէր խոսում, բոլորը սսկվել էին: Քոչարյանը շարունակում էր առանց փողկապի վայելել իր ձմեռային հանգիստը Ծաղկաձորում` դահուկներով, բուրանով եւ այլն: Բայց վերջին օրերին իշխանական կուլիսներում բավականին զգուշորեն սկսվել է Հայաստանի նախկին նախագահի վերադարձի թեմայի քննարկումը: Նույնիսկ տեղեկություն կար, որ այս շաբաթ եւ կիրակի օրերին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպել են միմյանց եւ, ըստ լուրերի, երկու օրերին էլ քննարկել են Քոչարյանի վերադարձի թեման: Ինչպես հայտնի է` Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառու Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հովանավորյալն է ու հենց նրա մեսիջներով էլ պայմանավորում է իր անելիքները: Իսկ Հայաստանում Պուտինի միակ վստահելին մարտի 1-ի արյունահեղության գլխավոր պատասխանատու Ռոբերտ Քոչարյանն է, ով քաղաքական լուսանցքում չմնալու համար այժմ պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի, որոնց մասին, սակայն, դեռ հապաղում է բարձրաձայնել»:

Ինչպես նշում է Վանաձորի զբաղվածության մարզային գործակալության տնօրեն Արա Առաքելյանը «Լոռու մարզ» թերթին տված հարցազրույցում, 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ, Լոռու մարզում գործազուրկների թիվը հասել է 11 հազար 772-ի, մարզում գործազրկության մակարդակը կազմել է 10,6 տոկոս. - «Զբաղվածության գործակալությունում գրանցված են տարբեր տարիքի ու կրթության մարդիկ: Գործազուրկները ունեն տարբեր կրթական մակարդակ` բարձրագույնից մինչեւ թերի միջնակարգ կրթություն»: Համաձայն զբաղվածության մարզային գործակալության տնօրենի, «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրում 2008 թվականի ընթացքում Լոռու մարզից ընդգրկվել է 704 գործազուրկ:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG