Մատչելիության հղումներ

«Հանրապետություն» կուսակցության Ավանի տարածքային կառույցի ղեկավարին հրավիրել են ոստիկանություն


«Հանրապետություն» կուսակցության Ավան համայնքի տարածքային կազմակերպության նախագահ Լյովա Եղիազարյանը այսօր ժամը 18:00-ի մոտ հրավիրվել էր ոստիկանություն` բացատրություններ տալու համար:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Լյովա Եղիազարյանը, որն այդ պահին ոստիկանության բաժանմունքում էր, որոշ մանրամասներ պատմեց. - «Մենք այսօր խորհրդակցություն էինք անցկացնում Ավանի մեր գրասենյակում: Քիչ անց 10-15 հոգի ոստիկաններ եկան այնտեղ, ասելով, թե` ահազանգ կա, որ այստեղ կռիվ է եղել, միջադեպ է եղել: Ասեցինք, որ այդպիսի բան չկա, որից հետո ինձ հրավիրեցին բաժին»:

Եղիազարյանը նշեց, որ կուսակցության գրասենյակում անցկացվող խորհրդակցությունը վերաբերում էր մարտի 1-ի հանրահավաքին եւ կարծիք հայտնեց, որ ոստիկանության նախաձեռնած գործողությունը` «բնականաբար, քաղաքական հետապնդում է, վախի մթնոլորտ եւ այլն»:

Ավելի ուշ` 20:30-ին Լյովա Եղիազարյանը բաց է թողնվել ոստիկանության Ավան համայնքի տարածքային բաժանմունքից, այն բանից հետո, երբ բաժանմունք են այցելել Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG