Մատչելիության հղումներ

Արիստոմենե Վարուդակիս. «Լավագույն դեպքում տնտեսական աճը կմնա զրոյական»


Համաշխարհային բանկը հաստատել է Հայաստանի համար նախատեսված չորս վարկային ծրագրերի փաթեթը` 85 միլիոն դոլար ընդհանուր արժեքով: Ներկայացնելով վարկային ծրագրերը` Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը այսօր կանխատեսում արեց, որ Հայաստանի տնտեսական աճը 2009 թվականին կարող է զրոյական լինել:

«Մենք տեսել ենք անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների վիճակագրական տվյալները, որտեղ տնտեսական աճը արդեն բացասական էր: Օրերս հրապարակվել են նաեւ այս տարվա հունվարի վիճակագրական տվյալները եւ դրանք կրկին բացասական են: Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության բացասական միտումները, ինչպես նաեւ Հայաստանի հիմնական առեւտրային գործընկեր Ռուսաստանի տնտեսության անկումը, 2009-ի հեռանկարները շատ հուսադրող չեն», - լրագրողներին ասաց Արիստոմենե Վարուդակիսը:

«Լավագույն դեպքում, կարծում եմ, տնտեսական աճը կմնա զրոյական», - նշեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարը:

Լրագրողների հետ հանդիպման առիթը Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի համար նախատեսված չորս վարկային ծրագրերի հաստատումն էր` 85 միլիոն դոլար ընդհանուր գումարով: Ծրագրերի նպատակն է` մեղմել գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա:

25 միլիոն դոլար արժողությամբ Կենսական ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերականգնել մոտ 100 կիլոմետր կենսական ճանապարհներ 7 մարզերում:

Սոցիալական ներդրումների հիմնադրամի համար նախատեսված 8 միլիոն դոլարի լրացուցիչ ֆինանսավորմամբ Հայաստանի 55 ամենաաղքատ համայնքներում սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր կիրականացվեն:

Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրին տրամադրվող 2 միլիոն դոլարի վարկով ավարտին կհասցվեն 35 Համայնքային տնտեսական զարգացման ծրագրեր:

Վարկերից ամենախոշորը` 50 միլիոն դոլար արժողությամբ, կտրամադրվի Փոքր եւ միջին ձեռնարկություններին ֆինանսական մատչելիության ծրագրի շրջանակներում: Այս ծրագրով փոքր եւ միջին ձեռնարկություններին ենթավարկեր կտրամադրվեն տեղական բանկերի միջոցով: Ծրագրի նպատակն է` նպաստել ներդրումներին եւ աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաեւ նվազեցնել Հայաստանի մասնավոր եւ ֆինանսական հատվածների խոցելիությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG