Մատչելիության հղումներ

Գագիկ Բեգլարյան. «Հարցը նրանում չէ, որ քաշքշուկ եղել է, թե չի եղել»


Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերյուրանք որակեց այսօր որոշ թերթերում տեղ գտած հրապարակումները, որոնց համաձայն թաղապետի որդին երեկ Երեւանի թիվ 114 դպրոցում ծեծկռտուքի է մասնակցել: Թերթերը գրել են, թե 114 դպրոցում, որտեղ ուսանում է Գագիկ Բեգլարյանի որդին` Հրանտը, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ, իբր համադասարանցիներից մեկը վերջինիս ծեծել է: Հրապարակումների համաձայն թաղապետի թիկնապահները այնուհետեւ առեւանգել եւ ծեծի են ենթարկել Հրանտ Բեգլարյանին ծեծողին:

«Թերթ են կարդացել մեր բոլոր բարեկամները: Մենք երեխային ուղարկում ենք, որ բոլորը տեսնեն, որ երեխայի հետ պրոբլեմ չկա: Ընդհանրապես այդ դպրոցում այդ կարգի պրոբլեմներ չեն եղել», - ասաց Բեգլարյանը:

Գագիկ Բեգլարյանը հերքեց նաեւ այն տեղեկությունը, թե իր թիկնապահները հաշվեհարդար են տեսել որդու համադասարանցու հետ:

«Թիկնազորը նրա համար չէ, որ դպրոց գնա կռիվ անի, կամ ում մոտ աշխատում են` նրանց համար կռիվ անեն: Մենք երեւանցի ենք եւ յուրաքանչյուր երեւանցի կհասկանա, որ մենք կռիվ անում ենք մեր համար: Ինքներս: Թիկնազոր չենք պահում, որ մեր համար թիկնազորը կռիվ անի», - նշեց Կենտրոնի թաղապետը, վստահեցնելով, որ նման լուրեր տարածելը քաղաքական ենթատեքստ ունի:

Բեգլարյանը նաեւ հավելեց. - «Էն, ինչ որ երեկ է եղել, հիմա էլ է լինում, վաղն էլ է լինում... հարցը նրանում չէ, որ քաշքշուկ եղել է, թե չի եղել»:

Ի դեպ, մամուլում շրջանառվում էր նաեւ փաստաբան Հովիկ Արսենյանի անունը, իբր նա է տարածել Բեգլարյանի որդուն ծեծելու մասին լուրերը:

Փաստաբան Հովիկ Արսենյանի հետ կապվել չհաջողվեց, իսկ թիվ 114 դպրոցի տնօրենի հետ զրուցելու մեր փորձերը ապարդյուն էին, քանի որ տնօրենը նախ տեղում չէր, ապա քարտուղարուհու փոխանցմամբ, անընդհատ զբաղված էր:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ երեկ 11:30-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում ահազանգ է ստացվել մի քաղաքացուց, որ թիվ 114 դպրոցի շրջակայքում ինչ որ վիճաբանություն է տեղի ունենում, սակայն ահազանգից 10-15 րոպե անց մոտեցած իրավապհները դպրոցի տարածքում վիճաբանողների չեն տեսել: Դպրոց եկած ոստիկաններին դպրոցի տնօրենը տեղեկացրել է, թե աշակերտներից մի քանիսը վիճել են, ինչին ինքը միջամտել է, աշակերտներին սաստել եւ ուղարկել է իրենց դասերին:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG