Մատչելիության հղումներ

Human Rights Watch. «Ժողովրդավարությունը քարքարոտ ճանապարհին. Հայաստանի 2008 թվականի վիճարկված նախագահական ընտրությունները, ետընտրական բռնությունները եւ միակողմանի պատասխանատվության կանչելու քաղաքականությունը»


(Ամփոփում եւ առաջարկություններ)

Ամփոփում

2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներ տեղի ունեցան՝ ավելի սրելով երկրում փետրվարյան նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկումը։ Մարտի 1-ին՝ ընդամենը 20 ժամվա ընթացքում քաղաքի կենտրոնական տարբեր հատվածներում ոստիկանությունը առանց նախազգուշացնելու եւ դիմադրության հանդիպելու հարձակվեց ցուցարարների վրա, բանակցեց, հետ քաշվեց, վերադարձավ հարձակմանը, եւ ի վերջո թեժ մարտի մեջ մտավ ցուցարարների մի փոքր խմբի հետ։ Զոհվեց առնվազն տաս մարդ` ութ ցուցարար եւ ոստիկանության երկու ծառայող, իսկ շատերը վիրավորվեցին։

Երեւանում մարտիմեկյան իրադարձությունների ամբողջական պատկերը դեռ պետք է ի հայտ գա։ Իրավապաշտպան մարմինների գործողությունները տարբեր վայրերում եւ օրվա տարբեր ժամանակահատվածներում հանգեցրին մահվան դեպքերի եւ վնասվածքների։

Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ փոփոխվող դինամիկան նշանակում է, որ յուրաքանչյուր ոստիկանական գործողություն պետք է գնահատվի առանձին՝ պարզելու համար, թե արդյոք այդ գործողությունը դուրս չի եկել օրինականության շրջանակներից, որոնք սահմանված են ուժի եւ հրազենի կիրառման միջազգային ստանդարտներով։

Մինչդեռ, բազմաթիվ հաղորդումներից պարզ է դառնում, որ տարբեր պահերի ոստիկանությունը կիրառել է ոչ համարժեք ուժ՝ ծեծի ենթարկելով ագրեսիվ պահվածք չունեցող ցուցարարների, եւ ոստիկանության կողմից հրազենի օգտագործման որոշ դեպքեր թվում է` եղել են անհամաչափ եւ առանց թիրախի տարբերակման:

Այն փաստը, որ ոստիկանությունը ժամանակ առ ժամանակ նույնպես ենթարկվել է հարձակման, չի արդարացնում նրանց կողմից ոչ համարժեք ուժի կիրառումը։ Ինչպես նաեւ դա չի արդարացնում կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքը եւ նրանց խոշտնագումների ենթարկելը, եւ դատական պատշաճ իրավական գործընթացի իրավունքների մերժումը, ինչպես օրինակ իրավաբան ընտրելու իրավունքը։

Ցուցարարները վիճարկում էին Հայաստանի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, որում իրենց թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտվել էր Սերժ Սարգսյանին։ Մի խումբ ցուցարարներ, պնդելով, որ Սարգսյանի հաղթանակը ընտրակեղծիքների արդյունք է, ընտրություններից անմիջապես հետո նախաձեռնել էին շարունակական բողոքի ակցիաներ՝ ցերեկային հանրահավաքներ եւ գիշերային ճամբարում քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում։ Սկզբնական շրջանում իշխանությունները հանդուրժում էին ցուցարարներին: Մարտի 1-ի վաղ լուսաբացին, ոստիկանության կողմից ճամբարում իրականացված խուզարկությունը, որի համար որպես արդարացում նշվում է ցուցարարների շրջանում զենքի որոնումը, քաղաքի կենտրոնի այլ հատվածում ավելի մեծ ցույցի առաջացման պատճառ հանդիսացավ։ Արդեն մինչեւ երեկո, երբ մայրաքաղաքի փողոցներում ավելի մեծ եւ բռնություններով զուգորդված հակամարտություն էր ծավալվում, պաշտոնից հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանը 20-օրյա արտակարգ դրություն հայտարարեց, որի ընթացքում արգելվում էին հանրային հավաքներն ու գործադուլները։

Մարտի 1-ի սկզբնական իրադարձություններում ոստիկանությունը խուզարկել, ցրել եւ քանդել է ցուցարարների վրանները՝ ծեծի ենթարկելով ցույցի մասնակիցներին, այդ թվում եւ նրանց, ովքեր մնացել էին քանդված վրանների տակ։

Ցուցարարները կրկին խմբվեցին քաղաքի կենտրոնական մեկ այլ
հատվածում, իսկ նրանց թիվն առավոտյան հետզհետե աճում էր.
մասնակիցները սկսեցին բարիկադներ կառուցել եւ զինվել ինքնաշեն միջոցներով։ Ոստիկանությունը բանակցել է ցույցի առաջնորդների հետ ցույցը մեկ այլ վայր տեղափոխելու վերաբերյալ, եւ հետ քաշվել՝ ցուցարարներին թույլ տալով տեղաշարժվել, բայց հոծ ամբոխը հրաժարվում էր լքել տարածքը։

Ցուցարարների եւ գործողությունների բեմահարթակից հեռացող
ոստիկանության որոշ ծառայողների միջեւ բռնկվեց հակամարտություն, որի արդյունքում եղան ոստիկանական մեքենաների հրկիզումներ եւ հարձակումներ մոտակայքում գտնվող քաղաքապետարանի շենքը հսկող ոստիկանների վրա։ Երեկոյան ներքին զորքերի ուժերը համալրում ստացան։

Նրանք ցույցը ցրելու իրենց գործողությունները սկսեցին չափազանց ագրեսիվ միջոցներով՝ oգտագործելով լուսագծող գնդակի կրակոցներ եւ արցունքաբեր գազ։ Ականատեսները պնդում են նաեւ, որ ոստիկանները ցրվելու բանավոր նախազգուշացումներ չեն տվել, ինչպես նաեւ, որ նրանք ոչ համարժեք ուժ են կիրառել նույնիսկ նրանց նկատմամբ, ովքեր ուժ չէին գործադրում ոստիկանների նկատմամբ: Ցուցարարները, որոնք զինվել էին մետաղե ձողերով ու մահակներով, սալահատակի քարերով, եւ նույնիսկ բենզինով լիցքավորված շիշ-նռնակներով ետ մղեցին ոտիկանների հարձակումը, որոնք հետ քաշվեցին դեպի մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող խաչմերուկը։ Մինչ հիմնական ցույցը խաղաղ շարունակվում էր բարիկադների հետեւում, ցուցարարների մի խումբ հարձակում սկսեց ոստիկանության վրա, որի արդյունքում էլ կարծես թե տեղի ունեցան մահվան դեպքերից մի քանիսը։

Թեեւ, երբ ոստիկանությունը ուղիղ հարձակման էր ենթարկվում, որոշ կրակոցներ հնչել են, սակայն պարզվում է, որ ոստիկանները նույնպես կրակել են ցուցարարների վրա միտումնավոր եւ առանց թիրախի տարբերակման այնպիսի հանգամանքներում, երբ փաստեր չկան, որ հիմնավորված էր մահաբեր զենքի օգտագործումը։

Բռնությունների արդյունքում իրականացվել են հարյուրից ավելի
ձերբակալություններ։ Human Rights Watch-ը զրուցել է մարդկանց հետ, որոնց ձերբակալության ընթացքում ծեծի էին ենթարկել, իսկ
ոստիկանությունում կալանքի ժամանակ հարվածել են, անպատվել ու սպառնացել: Ոտնահարվել էր մեր զրուցակից կալանավորների՝ իրենց գտնվելու վայրի մասին հարազատներին տեղեկացնելու իրավունքը, ինչպես նաեւ մերժել էին իրենց ընտրությամբ իրավաբանի օգնություն ստանալու իրավունքը։

Մարտիմեկյան իրադարձություններին Հայաստանի իշխանությունները միակողմանի արձագանքեցին։ Այն դեպքում, երբ հետաքննել, դատապարտել եւ երբեմն թերացումներով ընթացող եւ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված դատավարություններում մեղավոր են ճանաչել ընդդիմության տասնյակ անդամների ցույցը կազմակերպելու եւ բռնի անկարգություններին մասնակցելու համար, նրանք իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկին մեղադրանք չեն ներկայացրել ոչ համարժեք ուժի կիրառման համար։ Գլխավոր դատախազությունը հերքել է կալանքի ժամանակ վատ վերաբերմունքի եւ խոշտանգումների մասին պնդումները՝ դրանք համարելով անհիմն։

Հայաստանում ընտրական քաղաքականությունը անկախությունից ի վեր շարունակում է մնալ անհավասար մրցակցության, կեղծումների, եւ վեճերի շրջանում, որը դեպքերի մեծ մասում դուրս է եկել փողոց։

Ընտրությունների կազմակերպման գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը ցածր է, իսկ արդյունքներն ընկալվում են ցինիզմով։ Հայաստանի բազմակուսակցական համակարգի գործունեության եւ իրական քաղաքական պայքարի համար խոչընդոտ են հանդիսանում կուսակցությունների կայունանալու եւ համախմբվելու բազմաթիվ անհաջող փորձերը։ Իրական քաղաքական մրցակցությունը, այնքանով, որքանով վերջինս գոյություն ունի, անկայուն է` բռնության մշտական սպառնալիքով, մինչդեռ ընտրական պայքարի մասնակիցների, հատկապես հաղթողների եւ պարտվողների միջեւ փոխադարձ հարգանքը ծայրահեղ նվազ է:

Հայաստանի Գլխավոր դատախազությունը պետք է ավելի մեծ ջանք գործադրի անկախ եւ անաչառ հետաքննություն իրականացնելու համար՝ պարզելու, թե արդյոք իրավապահ մարմինների ծառայողները գործել են ամբոխի վերահսկման եւ ուժի կիրառման վերաբերյալ ազգային եւ միջազգային օրենքների սահմաններում։ Այս հետաքննությունը պիտի անդրադառնա նաեւ մարտի 1-ի դեպքերի մասնակցության հետ կապված կալանավորված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի պնդումներին՝ գնահատելով, թե արդյոք խախտվել են խոշտանգումների, վատ վերաբերմունքի եւ կամայական կալանքի դեմ միջազգային եւ եվրոպական չափանիշները, որոնց միացել է նաեւ Հայաստանը։

Ավելի լայն առումով, անհրաժեշտ է անդրադառնալ Հայաստանի ընտրական գործընթացների թերություններին եւ կեղծումներին, որոնք նպաստում են արդարության նկատմամբ անվստահության եւ արդյունքների վերաբերյալ կասկածների տարածմանը։ Հայաստանի իշխանությունները եւ միջազգային գործընկերները, որոնք անհանգստացած են Հայաստանում ժողովրդավարության կայացմամբ, պետք է անդրադառնան լայնորեն տարածված հանրային անվստահության ե'ւ պատճառներին, ե'ւ ախտանիշներին, որի արդյունքում Հայաստանում երբեւէ կարելի է հասնել իսկական ժողովրդավարության։

VII. Առաջարկություններ

Հայաստանի կառավարությանը

Ցուցարարներին ցրելու եւ նրանց վրա հարձակումների վերաբերյալ
Գլխավոր դատախազությունը պետք է Մարտի 1-ին Ազատության
հրապարակում ցուցարարներին ցրելու եւ Մյասնիկյանի արձանի շրջակայքում ցուցարարների դեմ վարած ոստիկանական գործողությունների վերաբերյալ համապարփակ եւ անկախ հետաքննություն իրականացնի։ Հետաքննությունը պետք է՝

- հատուկ ուշադրություն դարձնի իրավապահ մարմինների ծառայողների կողմից ցուցարարների նկատմամբ հարձակումների եւ ոչ համարժեք ուժ՝ ներառյալ մահացու, կիրառելու վերաբերյալ պնդումներին,

- կիրառի բոլոր առկա վիդեո եւ ֆոտո ապացույցները, ինչպես նաեւ
վկաների ցուցմունքները,

- որոշի` արդյոք ուժի եւ հրազենի կիրառումը համապատասխանել է
պետական օրենքներին եւ մարդու իրավունքների վերաբերյալ
միջազգային օրենքներին ու չափանիշներին՝ ներառյալ իրավապահ
մարմինների կողմից ուժի եւ հրազենի կիրառման վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնական սկզբունքները,

- ուսումնասիրի մարտեր վարելու կանոնները՝ ներառյալ նախապես
իրականացրած ռիսկերի գնահատումը, ներգրավված իրավապահ
բաժանմունքներին տրված հրամանները, ինչպես նաեւ նրանց
տրամադրության տակ գտնվող սարքավորումներն, այդ թվում եւ
հրազենը,

- մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկի ոչ համարժեք ուժի
կիրառման ոչ միայն անհատական պատասխանատվության դեպքերը, այլեւ այն հրամանատար անձանց պատասխանատվությունը, ում կողմից վերահսկված գործողությունները համարվել են ոչ համաչափ:

- Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխան՝ հետաքննությունը պետք է բաց լինի հանրային վերահսկողության, ինչպես նաեւ տուժածների եւ նրանց ընտանիքների մասնակցության համար: Բացի այդ, հետաքննությունը պետք է կարողանա գործերի
ընթացքը հասցնել դատարան, որի առջեւ կկանգնեն բոլոր այն անձինք, ովքեր համարվել են պատասխանատու 3-րդ հոդվածի խախտմամբ վնասվածքներ պատճառելու համար:

- ՀՀ Ոստիկանությունը անհապաղ պետք է իրականացնի մարտի 1-ին հնարավոր հանցանքի համար հետաքննության մեջ ընդգրկված
իրավապահ ցանկացած ծառայողի ակտիվ պարտականությունների առկախումը:

- Այնտեղ, որտեղ ապացույցներ կան, որ իրավապահ մարմինների որեւէ ներկայացուցիչ մարտի 1-ին պատասխանատու է որեւէ հանցանքի համար, նրանք անհապաղ պետք է հետապնդվեն դատական կարգով եւ րդար դատավարությամբ։

- Ոստիկանությունը պետք է իրականացնի հիմնավոր ներքին
հետաքննություն մարտի 1-ին ցուցարարներին ցրելու
գործողությունների վերաբերյալ։ Այս հետաքննությունը պետք է ձգտի որոշել, թե արդյոք իրավապահ մարմինները գործել են ուժի կիրառման վերաբերյալ միջազգային եւ հայաստանյան օրենսդրության ու կարգերի համաձայն։ Հետաքննության արդյունքները պետք է հրապարակվեն։

- Մարտի 1-ին իրավապահների գործողությունների թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովելու համար, ոստիկանությունը պետք է անհապաղ հրապարակի Ազատության հրապարակում ցուցարարներին ցրելու եւ Մյասնիկյանի արձանի շրջակայքում ցուցարարներին ցրել փորձող գործողությունների մասնակից ուժերի ճշգրիտ կազմը։

- Կառավարությունը անհապաղ պետք է ձեռնարկի այնպիսի մի
օրենսդրության ընդունում, որով կսահմանվի բոլոր իրավապահ
մարմինների, այդ թվում ներքին զորքերի եւ հատուկ ուժերի անդամների տարբերիչ նշաններ կրելը, եւ բոլոր իրավապահ մարմիններին համապատասխան տարբերիչ նշան պարունակող համազգեստ տրամադրի։

- Կառավարությունը պետք է վերանայի ոստիկանության
գործողություններին եւ ամբոխի կառավարմանը վերաբերող
օրենսդրությունը եւ երաշխավորի, որ ուժի կիրառման վերաբերյալ
օրենքները ամբողջովին համապատասխանեն Քաղաքացիական եւ
քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ICCPR), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ECHR) եւ ՄԱԿ-ի՝ իրավապահ մարմինների կողմից հրազենի եւ ուժի կիրառման վերաբերյալ հիմնարար սկզբունքների հետ։

- Կառավարությունը եւ ոստիկանությունը պետք է հանրությանը
ներկայացնեն մարտի 1-ին ծառայողական պարտականությունները իրականացնող ուժերի ամբոխի կառավարման վերաբերյալ ստացած դասընթացները։ Նրանք պետք է վերանայեն բոլոր նման
դասընթացներն այնպես, որ նրանցում ամբողջովին ներառվեն մարդու իրավունքների սկզբունքները եւ պարտավորությունները։ Այս նպատակի իրականացման համար, կառավարությունը եւ ներքին գործերի նախարարությունը պետք է նախատեսեն միջազգային եւ հայաստանյան փորձագետների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ միասին ուժի կիրառման վերաբերյալ ուսումնական ձեռնարկի մշակումը, որը կներառի Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ICCPR), Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի (ECHR) եւ ՄԱԿ-ի՝ իրավապահ ծառայողների կողմից հրազենի եւ ուժի կիրառման վերաբերյալ հիմնարար սկզբունքները։

Ձերբակալման եւ կալանքի տակ պահելու ժամանակ մարդկանց նկատմամբ վերաբերմունքի մասին

- Դատախազությունը պետք է իրականացնի ձերբակալության եւ կալանքի տակ պահելու ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից վատ վերաբերմունքի կիրառումների վերաբերյալ պնդումների ամբողջական, անկախ եւ թափանցիկ հետաքննություն: Հետաքննությունը պետք է բերի մեղավորների բացահայտմանը եւ դատապարտմանը:

- Հետաքննության իրականացման ընթացքում, ոստիկանության
ղեկավարները պետք է երաշխավորեն, որ ոստիկանության
ծառայողների նկատմամբ, որոնց դեմ պնդումներ կան, որ վատ
վերաբերմունք են ցուցաբերել ցուցարարների ձերբակալության եւ
կալանքի տակ պահելու ժամանակ, կիրառվի ակտիվ
պարտականությունների առկախում:

- Անհրաժեշտ է, որ իշխանությունները ընդունեն օրենսդրական
փոփոխություններ, որոնցով տրամադրվեն սեփական ընտրությամբ
իրավաբան ունենալու իրավունքի անխոչընդոտ իրականացման
հնարավորություններ ձերբակալության պահից իսկ սկսած:

- Հայաստանը ստորագրել է Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը (OPCAT) 2006 թվականին: Ըստ OPCAT-ի` Հայաստանը պետք է հզորացնի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը` որպես անկախ ազգային մարմին, որն իրականացնի կանոնավոր եւ ըստ անհրաժեշտության նախապես չծանուցված այցեր բոլոր կալանավայրեր:

Ընտրությունների անցկացման վերաբերյալ

- Շարունակել ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ինչպես նաեւ այլ
եվրոպական հաստատությունների հետ համագործակցությունը
ընտրական գործընթացների բարելավման ուղղությամբ: Հետեւել
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Հայաստանի ընտրոթյունների վերաբերյալ զեկույցներում, այդ թվում եւ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցի համապատասխան եւ դեռ չիրականացրած առաջարկություններին: Նշված զեկույցում կոչ է արվում պետական եւ ընտրությունների իրականացման համար իրավասու մարմիններին լրջորեն անդրադառնալ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ակնհայտ բացակայությանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին

Շարունակել ԵԽԽՎ 1609 (2008) բանաձեւի իրականացման մոնիթորինգը եւ շտապեցնել Հայաստանի իշխանություններին երաշխավորել մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի անկախ, ամբողջական, անկողմնակալ եւ վստահելի, ինչպես նաեւ դեպքերից հետո պատշաճ դատական գործընթացի խախտումների` ներառյալ վատ վերաբերմունքի վերաբերյալ հետաքննության իրականացումը:

ԱՄՆ-ին եւ Եվրոպական Միությանը

ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը Հայաստանի իշխանությունների համար պետք է հստակորեն պարզ դարձնեն, որ Հայաստանի հետ իրենց հարաբերությունները ուղղակիորեն կախված են այն բանի հետ, թե Հայաստանը որքանով կցուցաբերի իր անկեղծ նվիրվածությունը օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին եւ դրանց խախտման համար պատասխանատվության ենթարկելու գործընթացին, ինչպես նաեւ ազատ եւ արդար ընտրություններին` այդ թվում իրականացնելով հետեւյալ որոշակի քայլերը.

- մարտի 1-ին իրավապահ մարմինների ներկայացուցիչների
գործողությունների ամբողջական հետաքննություն,

- երաշխավորել, որ իրավապահ մարմինների բոլոր ներկայացուցիչները սանան ուժի կիրառման եւ դրա սահմանափակումների վերաբերյալ գործնական գիտելիքներ` մարդու իրավունքների սկզբունքներին համապատասխան:

- ամբողջությամբ ստանձնել ընտրությունների միջազգային դիտորդական մարմինների կողմից արված առաջարկությունների իրականացումը, հատկապես այն առաջարկությունների, որոնք ներառված են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների վերջնական զեկույցում, որտեղ կոչ է արվում պետությանը եւ ընտրությունների իրականացման համար պատասխանատու մարմիններին լրջորեն զբաղվել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ակնհայտ բացակայության խնդրով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG