Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ջանքեր է գործադրում Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսությանն աջակցելու ուղղությամբ


Հայաստանը Եվրամիության ուշադրության կենտրոնում է: Այդ ուշադրությունը պայմանավորված է ոչ միայն Եվրոպական այս կառույցի հետ հարաբերությունները ակտիվացնելու եւ Եվրամիության արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու, այլեւ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը հասնելու անհրաժեշտությամբ: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր այս մասին ասաց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:

Երեկ ժամանելով Երեւան` Փիթեր Սեմնեբին հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այսօր Սեմնեբին հանդիպել է նաեւ Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Հայաստանում էր նաեւ անցած շաբաթ: Նախորդ այցի ժամանակ Փիթեր Սեմնեբին նույնպես հանդիպել էր նախագահ Սերժ Սարգսյանի եւ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված իր հաճախակի այցերը Հայաստան, Սեմնեբին պատասխանեց. - «Բացի այն, որ հիմա ավելի ակտիվ ժամակահատված է Եվրամիություն Հայաստան հարաբերություններում, նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրներն են կարեւոր: Շուտով լրանում է մարտի 1-ի իրադարձությունների մեկ տարին եւ, թե ինչպես այն կանցկացվի Հայաստանում` ցույց կտա, թե քաղաքական կյանքն այս երկրում առաջիկայում ինչպես կշարունակի զարգանալ»:

Փիթեր Սեմնեբին հույս հայտնեց, որ Հայաստանը կկարողանա հնարավորինս կարճ ժամանակահատվածում հաղթահարել ներքաղաքական խնդիրները, որպեսզի քաղաքական երկխոսություն սկսելու համար պայմաններ ստեղծվեն:

Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ Եվրամիությունը ջանքեր է գործադրում նաեւ Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսություն սկսելու հիմքեր ստեղծելու համար, Փիթեր Սեմնեբին պատասխանեց. - «Անցյալ տարվանից ի վեր մենք միշտ ենք ջանքեր գործադրել երկխոսության համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու ուղղությամբ: Հիմա երբ Հայաստանը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, նման երկխոսության համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել: Եվրամիությունը, որպես Հայաստանի կարեւոր գործընկեր, կշարունակի հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել այդ հարցի առնչությամբ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG