Մատչելիության հղումներ

«Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել երկխոսության ճանապարհով»


Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի գլխավորած պատվիրակությանը այսօր ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը, հայ եւ վրացի ժողովուրդների պատմական սերտ կապերն ու ամուր բարեկամությունը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցներն անդրադարձել են Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Կողմերն ընդգծել են, որ տրանսպորտային հաղորդակցության, միջպետական սահմանը հատելու դյուրացման, մաքսային եւ այլ ուղղություններով նախատեսվող ծրագրերի իրականացումը կնպաստի հայ - վրացական տնտեսական գործակցության հետագա զարգացմանը:

Ընդգծելով, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների եւ երկխոսության ճանապարհով, երկուստեք շեշտվել է երկու ժողովուրդների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ փոխադարձ զսպվածության պահպանման ու հավասարակշռված մոտեցման անհրաժեշտությունը:

Հայաստանի նախագահն ու Վրաստանի խորհրդարանի ղեկավարը մտքեր են փոխանակել նաեւ Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում համագործակցության հնարավոր ուղիների, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում երկու երկրների կողմից ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումների մասին:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG