Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյան. «Կայսրությունները պատրաստվում են մեր երկրում ձեւավորել այսօրվա ռեժիմից ավելի թույլ իշխանություն»


«Հայ կամավորականների համախմբում» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, թե, հաշվի առնելով «սոցիալական ծանր վիճակի պատճառով» Հայաստանում առաջիկայում ստեղծվելիք «անկայուն իրավիճակը», որից կարող է օգտվել ընդդիմությունը, արտաքին աշխարհաքաղաքական ուժերը նախագահ Սերժ Սարգսյանին «ստիպում են» գարնան վերջին կամ ամռան սկզբին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել` այդպիսով մեղմելով «ժողովրդի շրջանում աճող դժգոհությունը»: Սեֆիլյանը չբացահայտեց, թե կոնկրետ որտեղի՞ց է նման տեղեկատվություն ստացել:

«Այսօր կայսրությունները պատրաստվում են մեր երկրում ձեւավորել այնպիսի իշխանություն, որ նույնիսկ այսօրվա մեր կողմից չընդունված ռեժիմից ավելի թույլ են լինելու», - ասաց «Հայ կամավորականների համախմբում» շարժման ղեկավարը: - «Այսօր Սերժ Սարգսյանը, այո’, չունի ժողովրդի աջակցության ոչ մի նշույլ, բայց ունի կամակատարներ խորհրդարանում, ունի կամակատարներ օլիգարխիայի դաշտում: Դրանից նույնպես զրկելու են նրան, որ հանգիստ կարողանան իրենց ծրագրերը իրականացնել»:

Ժիրայր Սեֆիլյանը նաեւ տեղեկացրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին միջնորդավորված փոխանցել է այս տեղեկատվությունը եւ զգուշացրել, որ ոչ մի դեպքում իշխանությունների հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ համաձայնության չգնա :

Արձագանքելով այս տեղեկատվությանը` Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ տեղյակ չէ, թե որքանով է Ժիրայր Սեֆիլյանի այս հայտարարությունը հիմնավորված: Նա նշեց, որ Հանրապետական կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարց չի քննարկել եւ նման խնդիր իրենց օրակարգում չկա:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG