Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Ընդդիմության հանրահավաքային թայմ աութը պայմանավորված էր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացով: Մարդիկ դա ըմբռնեցին, մանավանդ որ` նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բոլոր կանխատեսումներն, ըստ էության, իրականություն դարձան: Սակայն Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հասարակական տրամադրությունները մասամբ փոխվել են: Նախ` համաշխարհային «խաղացողների» օրակարգում` գուցե առժամանակ, կարող են հայտնվել ֆինանսական ճգնաժամից ածանցվող պրոբլեմները, երկրորդ` կարգավորման գործընթացի վերաբերյալ անընդհատ ինֆորմացիոն հոսքը մի տեսակ «հասարակացրել» է խնդիրը, երրորդ` Հայաստանի ընդդիմության ղարաբաղանպաստ կեցվածքն ադեկվատ արձագանքի չարժանացավ ոչ ԼՂՀ ղեկավարության եւ ոչ էլ հասարակության կողմից եւ վերջապես չորրորդ` երկրում քաղկալանավորների առկայությունը մշտական լարվածության մեջ է պահում հասարակությանը, որը պահանջում է հրապարակային զանգվածային միջոցառումների վերսկսում»:

Գյումրիի «Շրջապատ» թերթը զրուցել է Երկրապահ կամավորականների միության Շիրակի մարզային վարչության նախագահ, թերթի բնորոշմամբ` քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանի հետ: Նա ասում է. - «Ճգնաժամը Հայաստանում հաղթահարված չէ, ավելին` այն օր-օրի խորանում է: Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանը գտնվել է եւ այսօր էլ գտնվում է Եվրախորհրդի մոնիտորինգի տակ: Մեկ տարվա ընթացքում ԵԽԽՎ-ի կողմից Հայաստանի նկատմամբ ընդունվեց երեք բանաձեւ, որոնց մի շարք կետեր մինչ օրս չեն կատարվել: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը մեկն է. առաջին հերթին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, հայտնաբերել եւ պատասխանատվության ենթարկել մարտի 1-ի իրական կազմակերպիչներին, 10 զոհերի պատասխանատուներին: Այս ամենից հետո անցկացնել նոր նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհը սա է: Հակառակ պարագայում, հաշվի առնելով աշխարհաքաղաքական վիճակը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, համաշխարհային տնտեսական ճգնաժամը` Հայաստանում հասունանում է սոցիալական բունտ: Եթե նշված հարցերի շուրջ իշխանությունները չփորձեն երկխոսության նստել Համաժողովրդական շարժման առաջնորդի հետ, ես համոզված եմ` հանրապետությունում անկանխատեսելի իրավիճակ կստեղծվի»:

«Հայոց աշխարհ»-ը առաջ է քաշում շքեղության հարկի գաղափարը` գրելով. - «Կարծում ենք, նպատակահարմար կլինի, բազմաթիվ երկրների օրինակով, մեզանում նույնպես սահմանել շքեղության հատուկ հարկ։ Շքեղության հարկի սահմանումը ներկա պայմաններում լրացուցիչ միջոցներ կընձեռի, որոնք կարելի կլինի ուղղորդել զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման, չքավորներին օգնության ծրագրերի իրականացմանը։ Չենք խոսում արդեն այն մասին, որ տվյալ միջոցն, անշուշտ, կարող է ավելացնել ե՛ւ իշխանության, ե՛ւ գործարար կառույցների նկատմամբ բնակչության վստահությունը։ Իսկ դա նույնպես ծայրաստիճան կարեւոր է։ Դե, եւ վերջապես՝ շքեղության հարկը կարեւոր, վճռորոշ ազդանշան կդառնար ամենահարուստ մարդկանց համար։ Գործարար շրջանները պիտի պատասխանեն ճգնաժամին սոցիալական գործընկերության մեջ բիզնեսի դերի ամրապնդումով, անձնական սպառումը սահմանափակելու ունակությամբ, սոցիալական պետության կառուցման համար պատասխանատվությամբ»:

«Կապիտալ»-ը վերլուծում է սակագների սպասվող աճը. - «Ապրիլի 1-ից Հայաստանում սպասվում է լուրջ գնաճ` բարձրանալու են բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները: Փետրվարի 27-ին` [Հանրային ծառայությունները կարգավորող պետական] Հանձնաժողովի հերթական նիստում, վերջնականապես կհաստատվեն էլեկտրաէներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի, սպառողներին մատակարարվող բնական գազի եւ էլեկտրաէներգիայի նոր սակագները: Եթե սպառողների համար բնական գազի սակագնի վերանայման նախաձեռնողը «ՀայՌուսգազարդ» ընկերությունն է, ապա էլեկտրաէներգիայի գնի բարձրացման նախաձեռնողը Ռոբերտ Նազարյանի գլխավորած կառույցն է։ Զարմանալի է, բայց փաստ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սակագնի վերանայման հայցով Հանձնաժողովին չի դիմել: Սակայն վերջինս որոշել է «լավություն անել» եւ պատրաստվում է բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը սեփական նախաձեռնությամբ բարձրացնել 20 տոկոսով (5 դրամով)»։

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Ամեն ինչ գնում է նրան, որ դրամի կայունության ապահովման զոհասեղանին դրված` առանց այդ էլ բավականին աղքատիկ արտաքին պահուստները օր-օրի հալվում-մաշվում են, արտահանման տեմպերը գահավիժում են, արտադրությունը նվազում է, եւ համառորեն մոտենում է այն պահը, երբ այլեւս հնարավոր չի լինելու քողարկել տնտեսության իրական վիճակը: Իրականում, միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը ՀՀ տնտեսության վրա կազդեր բավականին համաչափ, եթե կառավարությունը նույնքան համաչափ քայլեր ձեռնարկեր դրան դիմագրավելու համար: Այլ կերպ ասած, կառավարությունը ընդամենը ժամանակ շահելու նպատակով PR է իրականացնում` վիճակը քողարկելու համար, բայց դա այնքան թանկ է ու անարդյունավետ, որ առաջիկայում հենց դրա պատճառով էլ, հավանաբար, լրջագույն խնդիրներ են առաջանալու տնտեսության համար»: «Մի խոսքով, կառավարության քայլերը քայքայում են տնտեսությունը ներսից», - եզրակացնում է թերթը:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG