Մատչելիության հղումներ

logo-print
Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը այսօր առավոտյան հրապարակել է «Հայաստանյան ժողովրդավարությունը քարքարոտ ճանապարհին» վերնագրված զեկույցը` նվիրված 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին:

«Մարտի 1-ին` ընդամենը 20 ժամվա ընթացքում, ոստիկանությունը, քաղաքի կենտրոնի տարբեր հատվածներում, առանց նախազգուշացնելու եւ դիմադրության հանդիպելու, հարձակվեց ցուցարարների վրա, բանակցեց, հետ քաշվեց, վերադարձավ հարձակման եւ ի վերջո թեժ մարտի մեջ մտավ ցուցարարների մի փոքր խմբի հետ», - մեկ տարի առաջ Երեւանում տեղի ունեցածն այսպես են նկարագրում Human Rights Watch-ի ներկայացուցիչները հատուկ զեկույցում:

«Իրավապահ մարմինների գործողությունները տարբեր վայրերում եւ օրվա տարբեր ժամանակահատվածներում հանգեցրին մահվան դեպքերի եւ վնասվածքների», - գրում են իրավապաշտպանները:

Նախ անդրադառնալով մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցածին` Human Rights Watch-ը արձանագրում է. - «Առանց որեւէ նախազգուշացման ոստիկանները հարձակվեցին ցուցարարների վրա` օգտագործելով ռետինե մահակներ, երկաթյա ձողեր եւ էլեկտրաշոկ: Ըստ Lեւոն Տեր-Պետրոսյանի` իր վրա հարձակվել է մոտ 30 ոստիկանից կազմված մի խումբ, որը ղեկավարում էր գեներալ Գրիգոր Սարգսյանը, եւ ուժով նրան հեռացրել է տարածքից: Ի պատասխան հարցի, թե արդյո՞ք դա ձերբակալություն է, Տեր-Պետրոսյանին ասել են, թե այդ ամենն արվում է իր իսկ անվտանգությունն ապահովելու նպատակով: Հետագայում Տեր-Պետրոսյանը տեղափոխվել է տուն եւ հայտնվել փաստացի տնային կալանքի տակ»:

Իրավապաշտպանները զրուցել են նաեւ մարտի 1-ի իրադարձությունների շարքային մասնակիցների հետ: Մի մեջբերում 32-ամյա երեւանցի դիզայներ Հովսեփի պատմածից. - «Ոստիկաններն ինձ հետապնդում էին, եւ մի պահ ես զգացի, որ հոգնել եմ: Որոշեցի պարզապես պառկել գետնին եւ ձեռքերով պաշտպանեցի գլուխս: Ոստիկանները մոտեցան եւ սկսեցին հարվածել ինձ մահակներով ու ոտքերով: Հիմնականում հարվածները գլխիս էին, մեջքիս ու երիկամներիս շրջանում: Մի պահ ես կորցրեցի իրականության զգացումը, այդ ամենը կարծես երազ լիներ: Ուշքի եկա ու տեսա, որ ողջ հագուստս արյունոտված է, իսկ ես արդեն ոստիկանության բաժանմունքում եմ»:

Զեկույցում ժամ առ ժամ նկարագրված են մարտի 1-ի իրադարձությունները, մանրամասն անդրադարձ կա Մյասնիկյանի արձանի շրջակայքում տեղի ունեցածին: «Ցույցը ցրելու ոստիկանության գործողությունները սկիզբ առան երեկոյան 9:30 չափազանց ագրեսիվ միջոցներով` լուսագծող գնդակների կրակոցներով ու արցունքաբեր գազի կիրառմամբ: Ականատեսները պնդում են, որ ոստիկանները ցրվելու բանավոր նախազգուշացում չեն տվել, ինչպես նաեւ ոչ համարժեք ուժ են կիրառել նույնիսկ այն անձանց հանդեպ, ովքեր ուժ չէին գործադրում ոստիկանների նկատմամբ: Ցուցարարները, որոնք զինվել էին մետաղյա ձողերով ու մահակներով, բենզինով լի շշերով ու քարերով, ետ մղեցին ոստիկանների հարձակումը, որոնք հետ քաշվեցին դեպի մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող խաչմերուկը: Մինչ հիմնական ցույցը խաղաղ շարունակվում էր բարիկադների ետեւում, ցուցարարների մի խումբ հարձակում սկսեց ոստիկանության վրա: Թեեւ երբ ոստիկանությունն ուղիղ հարձակման էր ենթարկվում, որոշ կրակոցներ հնչում էին, այժմ պարզվում է, որ ոստիկանները նույնպես կրակել են ցուցարարների վրա` միտումնավոր եւ առանց թիրախի տարբերակման, չկան նաեւ փաստեր, որոնք կհիմնավորեին մահաբեր զենքի օգտագործման անհրաժեշտությունը», - պնդում են զեկույցի հեղինակները:

Ականատեսներից մեկը` Արեւիկը, Human Rights Watch-ի ներկայացուցիչներին ասել է. - «Ես տեսա, թե ինչպես երկու երիատասարդներ Մաշտոցի պողոտայի կողմից մոտեցան խաչմերուկին: Այդ պահին կրակոց հնչեց եւ նրանցից մեկը վայր ընկավ, մյուսը սկսեց գոռալ, որ ընկերոջը սպանել են: Քիչ անց ընկած երիտասարդին մոտեցավ մի ոստիկան եւ սկսեց հարվածել: Մյուս ոստիկանները սաստեցին գործընկերոջը` ասելով, թե տղան մահացել է»:

Զեկույցի հեղինակներից մեկը` Գեորգի Գոգիան նշում է. - «Մեկ տարի անց էլ հստակ չէ, թե մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել: Ամեն դեպքում, պարզ է,որ ոստիկանությունը ոչ համարժեք ուժ է կիրառել, իսկ հետաքննությունը, ցավոք սրտի, միակողմանի է ընթացել»:

Զեկույցի վերջում հեղինակները հստակեցնում են այն ուղիները, որոնք, նրանց համոզմամբ, հնարավորություն կտան դուրս գալ հետմարտիմեկյան ճգնաժամից: Գլխավոր դատախազությունը, ըստ իրավապաշտպանների, պետք է ավելի մեծ ջանք գործադրի անկախ եւ անաչառ հետաքննություն իրականացելու համար` պարզելու, թե արդյո՞ք իրավապահները մարտի 1-ին գործել են հայաստանյան եւ միջազգային օրենքների շրջանակներում: «Ավելի լայն առումով էլ անհրաժեշտ է անդրադառնալ Հայաստանի ընտրական գործընթացների թերություններին ու կեղծումներին, որոնք նպաստում են արդարության նկատմամբ անվստահությանն ու արդյունքների վերաբերյալ կասկածների տարածմանը: Միայն այդ դեպքում Հայաստանում երբեւէ հնարավոր կլինի հասնել իրական ժողովրդավարության», - համոզված են զեկույցի հեղինակները:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

(Զեկույցի ամփոփիչ եւ առաջարկությունների մասը` «Ազատության» կայքէջի աջ կողմում)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG