Մատչելիության հղումներ

«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխությունների շուրջ քննարկումները շարունակում են


«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանն այսօր համոզմունք է հայտնել, որ Ազգային ժողովում վերջին շրջանում քննարկվող «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում առաջարկվող լրացումներում «հակասահմանադրական դրույթներ կան»:

Երեկ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը պետք է առաջին ընթերցմամբ քննարկման դրվեր Ազգային ժողովում: Սակայն, Ստեփան Դանիելյանի ունեցած տեղեկություններով, քվեարկությունը հետաձգվել է եւ նախագիծը կրկին քվեարկության կդրվի եվրոպական մի շարք կազմակերպությունների, այդ թվում` Վենետիկի հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո:

Լրագրողների հետ հանդիպմանը այսօր Ստեփան Դանիելյանը կրկին քննադատեց օրենքի նախագիծը` այն «անփույթ» եւ «ոչ պրոֆեսիոնալ աշխատանք» անվանելով:

«Իր մեջ [նախագծի] կան հակասահմանադրական դրույթներ եւ դրույթներ, որոնք հակասում են միջազգային իրավունքին», - հայտարարեց Դանիելյանը: - «Նման ոչ պրոֆեսիոնալ օրենքը Հայաստանի համար իրոք խայտառակություն է»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պետական եւ հասարակական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Մեսրոպ Պարսամյանը, հակադարձելով Դանիելյանին, կարծիք հայտնեց, որ վերջինիս «տեսակետը կողմնակալ է եւ հիմնավորված չէ»:

Առաջարկվող փոփոխություններով, նաեւ Քրեական օրենսգրքով մինչեւ 2 տարի պատժաչափ է նախատեսվում հոգեորսության համար: Հարցին, թե արդյո՞ք մտահոգիչ չէ, որ եթե փոփոխություններն ընդունվեն, շատերին կարելի է մեղադրանք ներկայացնել, Մեսրոպ աբեղան պատասխանեց. - «Մտահոգությունն արդարացված չէ: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 10-րդ հոդվածը սահմանում է` ոչ մեկը իրավունք չունի հետապնդվելու իր կրոնական համոզմունքների համար, եթե իր քարոզչությունը չի խախտում հասարակական կարգը»:

Մեսրոպ Պարսամյանի կարծիքով, «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխությունների արդյունքում օրենքը մարդուն չի դատապարտի աղանդավոր լինելու համար, այլ` իր գործունեության համար:

«Եթե անգամ Հայ առաքելական եկեղեցին փորձի այս կետերը, որտեղ նշված է հոգեորսության սահմանումը, փորձի սրանցից ինչ-որ մեկով քարոզչություն իրականացնի, սա օրենքի խախտում է», - նշեց Պարսամյանը:


Գայանե Դանիելյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG