Մատչելիության հղումներ

2008 թվականը Հայաստանի անկախացումից ի վեր «ամենավատ տարին էր» լրատվամիջոցների համար


Ներկայացնելով «Հայաստանում լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների մասին» 2008 թվականի տարեկան զեկույցը` «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» փորձագետները այսօր հայտարարել են, որ 2008 թվականը Հայաստանի անկախացումից ի վեր «ամենավատ տարին էր» լրատվամիջոցների համար:

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանը եւ փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, ովքեր հեղինակել են զեկույցը, լրագրողներին ներկայացնելով իրենց հետազոտության արդյունքները, կարծիք հայտնեցին, որ անցած «17 տարիներում 2008-ը ամենավատ տարին էր»:

Աշոտ Մելիքյանը որոշակի զուգահեռներ անցկացրեց 1994 թվականի հետ, երբ փակվեցին Հայ հեղափոխական դաշնակցությանը պատկանող մի շարք լրատվամիջոցներ. - «Վատագույն տարին եղել է նաեւ 1994 թվականը, երբ նույն պետական մեքենան դաշնակցական մամուլի դեմ էր պայքարում, բայց գրաքննության առումով 2008 թիվը, այնուամենայնիվ, գերազանցեց 1994 թվականը»:

2008 թվականի տարեկան զեկույցը կազմելիս փորձագետները համեմատությունների համար որպես հիմք ընդունել են 2003 թվականը, որը նույնպես նախագահական ընտրությունների տարի էր: Ըստ այդմ, «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեն արձանագրել է, որ 2003 թվականի համեմատ 2008-ին զգալիորեն աճել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների, լրատվամիջոցների վրա ճնշումների դեպքերը: Խախտվել են նաեւ լրագրողների` տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքները:

«Հայ ազգային կոնգրեսի համագումարի հետ կապված` «Հայլուր»-ի նկարահանող խմբին երբ դուրս են հրավիրել` այդ փաստը մենք նույնպես արձանագրել ենք, որովհետեւ դա էլ մենք համարում ենք լրատվամիջոցի իրավունքների խախտում: Մեզ համար կարեւոր չէ, թե ո՞վ է խախտում լրագրողի եւ լրատվամիջոցի իրավունքը», - ասաց Մելիքյանը:

Եթե 2003-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 7 դեպք է արձանագրվել, անցած տարի փորձագետները 18 այդպիսի դեպքեր են հաշվել: Ընդ որում, զեկույցի հեղինակները փաստում են, որ լրագրողների դեմ բռնություն իրականացրած անձինք դեռեւս չեն պատժվել` չնայած վերջիններիս բացահայտելու եւ պատժելու` նախագահի խիստ ցուցումներին:

Զեկույցն անդրադարձել է մարտի 1-ից 20-ը Երեւանում հայտարարված արտակարգ դրությանը: Նշվում է, որ այդ օրերին «տպագիր մամուլի նկատմամբ ապօրինաբար նախնական գրաքննություն» է մտցվել: Արտակարգ դրությունն ուղեկցվել է «ինտերնետային կայքերի արգելափակմամբ, այլախոհության հետապնդմամբ»:

Մեկնաբանելով արձանագրված փաստերը` Մեսրոպ Հարությունյանը ասաց. - «Մարտի 1-ից մինչեւ 20-ը աննախադեպ էր անկախ Հայաստանի պատմության մեջ: Այսքան աչալուրջ գրաքննություն երբեւէ չի իրականացվել: Երբ որ միայն «Առավոտ» օրաթերթին էին պարզաբանում տալիս, ասում էին` Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի ասուլիսը հանեք` կհրապարակվի թերթը»:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG