Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման ուղերձով կդիմի Կոնգրեսի երկու պալատներին


Այսօր Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ ուղերձով դիմելու է Կոնգրեսի երկու պալատներին:

Նախագահի ավագ խորհրդական Դեյվիդ Աքսելրոդն ասել է, որ այսօրվա ուղերձում Օբաման կներկայացնի երկրում իրավիճակը շտկելու հայեցակարգը, որն արդեն անվանել են «դեպի ավելի լավ ժամանակներ տանող ճանապարհի քարտեզ»:

Քաղաքական զարգացումներ լուսաբանող լրագրողները փորձում են հստակեցնել, թե արդյո՞ք այսօրվա ելույթը կարելի է համարել երկրի վիճակի մասին նախագահի ամենամյա ուղերձ:

1953 թվականի փետրվարի 2-ին Դուայթ Էյզենհաուերի նախագահության ժամկետը երկու շաբաթի էլ չէր հասել, ուստի նա այդպիսի կարգավիճակ չէր տվել իր ելույթին, սակայն 20 տարի անց ափսոսանքով նշել էր, թե, այնուամենայնիվ, պետք չէր այդչափ համեստ գտնվել:

Մինչդեռ 1961 թվականի հունվարի 30-ին` պաշտոնամուտից ընդամենը 10 օր անց, Ջոն Քենեդին արտասանեց իր անդրանիկ ամենամյա ուղերձը:

Այսպիսով, որակումը հենց նախագահներն են ընտրում:

ԱՄՆ-ի նախագահի այսօրվա ուղերձը հիմնականում նվիրված կլինի ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը, եւ դրանում արտաքին քաղաքականությանն այնքան էլ մեծ տեղ չի հատկացվի:

Բարաք Օբաման արդեն ստորագրել է տնտեսության առողջացմանն ուղղված ծրագիրը:

Ինչպես մեկնաբաններն են նշում, ուղերձը, նախ եւ առաջ, հասցեագրված կլինի ոչ թե դահլիճում ներկա օրենսդիր երկու պալատների անդամներին, գործադիր եւ դատական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին, այլ այն միլիոնավոր ամերիկացիներին, ովքեր հեռուստատեսությամբ են դիտելու ելույթը: Նրանց մի մասը հիասթափված է եւ նոր նախագահի հետ հույսեր չի կապում: Սակայն, ինչպես «Նյու Յորք Թայմս»-ն է նշում, ամերիկացիների մեծ մասը հավատում է Օբամային, ինչն ապացուցում է նրա շատ բարձր վարկանիշը, թեպետեւ վերջին ժամանակաշրջանում ամերիկյան մամուլը սկսել է քննադատել նոր վարչակազմի տնտեսական քաղաքականությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG