Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Չորրորդ իշխանություն»-ը, խոսելով Ջավախքի հարցով հանրահավաքի մասին, գրում է. - «Ստացվում է, որ երբ Վրաստանի իշխանությունները հայերին նեղում են, դրա դեմ կարելի է բողոքել, իսկ երբ Հայաստանի իշխանություններն են Երեւանի կենտրոնում գնդակահարում սեփական քաղաքացիներին, դրա դեմ բողոքելը խստիվ արգելվում է: Իսկ գուցե այս ամենի մեջ քաղաքականութուն չկա՞, գուցե ջավախքահայությունը միայն սոցիալական խնդիրների է բարձրացնում: Գուցեեւ այդպես չէ, բայց որքան հիշում ենք, կարմիր բերետավորները լավ էլ ջարդում էին տաքսու վարորդներին ու տոնավաճառների աշխատակիցներին, ովքեր, ի դեպ, նույնպես միայն սոցիալական խնդիրներ էին բարձրացնում»:

«Հայոց Աշխարհ»-ը քննարկում է շաբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստում կայացված որոշումները. - «Ինչպես հայտնի է, 2008-ի ամռանից սկսած Տեր-Պետրոսյանի կոնգրեսը սկզբում «ներքին կարգով», այնուհետեւ բացահայտ «Ժառանգությանը» մեղադրում էր «հանցավոր» վարչախմբի հետ «նույն օդը շնչելու» մեջ։ Այն է՝ Ազգային ժողովում իշխանական կոալիցիայի կողքին խորհրդարանական աշխատանքը շարունակելու «դավաճանական» գործելակերպի համար։ Իսկ վերջին մեկ-երկու ամիսներին արդեն հեղափոխական կոնգրեսը «Ժառանգությանը» կոչ էր անում դիմել կտրուկ քայլերի՝ վայր դնել մանդատները եւ դուրս գալ խորհրդարանից։ Մինչդեռ փետրվարի 21-ին տեղի ունեցած խորհրդի նիստում «մասնակցային գործելաոճի ջատագով» «Ժառանգությունը» որոշեց շարունակել խորհրդարանական գործունեությունը»։

«Առավոտ»-ի հետ մարտի 1-ի իրադարձություններն է քննարկել քաղաքագետ Սուրեն Զոլյանը: Նա ասում է. - «Շատ կարելի է խոսել ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի եւ սխալների մասին, սակայն, հենց այդ ոչ պրոֆեսիոնալիզմից քաջատեղյակ լինելով եւ նաեւ դրա վրա հաշվարկ ունենալով, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ իս, միտումնավոր սրեց իրավիճակը: Ֆիզիկայի օրենքն է. եթե մենք խտացնում ենք ճնշումը, ապա մի փոքր կայծն անգամ կարող է բերել հրդեհի: Հիմա ման գալ, թե ով արձակեց այդ կայծը, իմ կարծիքով` ճիշտ չէ: Նախեւառաջ` անհրաժեշտ է տեսնել, թե ով անընդհատ ուժեղացրեց այդ ճնշումը` բերելով անխուսափելի պայթյունի: Այլ բան, որ մեր ժողովուրդն ավելի ողջամիտ գտնվեց ու թափված արյունը` միգուցե անմեղ զոհերի, չբերեց այն բռնկմանը, որի հույսը երեւի ունեին կազմակերպիչները»: Լրագրողը հարցնում է. - «Արձանագրենք, սակայն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի տված հրամանի արդյունքում չէ, որ տասը մարդ զոհվեց: Եվ հենց Ձեր նշած տեխնիկական հարցերի պատասխանը ստանալով է, որ հնարավոր է իմանալ կոնկրետ մարդասպանների անունները»: Զոլյանը պատասխանում է. - «Անշուշտ, այդ մասով եղան բազմաթիվ բացթողումներ: Կարծում եմ` այդ ամենը չէր լինի, եթե ոստիկանները չտային տեղեկատվություն, ինչպես հետագայում պարզվեց` կեղծ, Ազատության հրապարակում գնտվող ինչ-որ զինանոցի մասին: Մի քանի ատրճանակներ ցույց տվեցին, սակայն զինանոց այդպես էլ չբացահայտվեց, կամ էլ` ընդդիմությունը արդեն հասցրել էր այդ զինանոցը տեղափոխել այլ վայր: Փաստորեն կա’մ ագենտուրան լավ չաշխատեց, կա’մ ոստիկանները, որոնք չկարողացան բացահայտել այդ զինանոցը»:

«Ազգ»-ը գրում է. - «Արտարժույթի փոխարժեքի հետ կապված հանցագործ գործընթացը վերջին օրերին փորձում են կիրառել ՀՀ առաջին նախագահի թիմի քաղաքական կարիքները սպասարկող լրատվամիջոցները, ամեն օր կեղծ լուրեր տարածելով հայկական դրամի մոտալուտ արժեզրկման մասին։ Լեւոնական ապազգային ընդդիմության համար նման գործընթացի եւ դրա հնարավոր հետեւանքների քաղաքական դրդապատճառներն ավելի քան հասկանալի են։ Շուտով մարտի մեկն է, այդ օրվան ընդառաջ վերջիններս ցանկանում են հնարավորինս սրել քաղաքական իրավիճակը` այն համեմելով տնտեսական բարդություններով եւ հասկանալի է, որ դրամի արժեքի հնարավոր անկումը «լավագույնս» կօգնի այս գործընթացին։ Հասկանալի է, որ եթե այս սցենարն իրականանա եւ դրամի անկում իսկապես գրանցվի, իսկ խուճապի առաջացման դեպքում դա հնարավոր է, հհշական ընդդիմությունը կփորձի այս իրավիճակից ստանալ հնարավոր առավելագույնը, սեփական քաղաքական վարկանիշը բարձրացնելու համար»։

«168 ժամ»-ը տեղեկացնում է, որ երեկ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «արգելադրվել է Հայք» թերթի խմբագրություն գույքը եւ դրամական միջոցները». - «Ըստ հաղորդագրության` դա բխել է կատարողական վարույթի պահանջներից, որը հարուցվել է Երեւանի քաղաքացիական դատարանից ստացված կատարողական թերթի հիման վրա»: «168 ժամ»-ը հիշեցնում է, որ «Հայք» թերթի դեմ դատական հայց էր ներկայացրել «Գինդ» տպարանը, որտեղ տպագրվում էր թերթը: Սակայն երեկ օրվա երկրորդ կեսին «Հայք»-ի գլխավոր խմբագիր Գեղամ Նազարյանը «168 ժամ»-ի թղթակցին տեղեկացրել է, որ «Գինդ»-ը հետ է վերցրել իր ներկայացրած դատական հայցը, եւ ԴԱՀԿ ծառայությունը պետք է չեղյալ հայտարարի արգելադրումը: Գեղամ Նազարյանը ասել է, որ վաղը «Հայք»-ը լույս կտեսնի:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG