Մատչելիության հղումներ

Հարթաշենում բրուցելյոզով վարակվել է 140 գլուխ անասուն. VIDEO


Շիրակի մարզի Աշոցքի շրջանի Հարթաշեն գյուղում բրուցելյոզ հիվանդությամբ վարակվել է 140 գլուխ անասուն: Վարակի աղբյուրը չի հայտնաբերվել: Բրուցելյոզի դեմ պատվաստանյութ գոյություն ունի, սակայն Հայաստանում այն չկա: Այս պահին գյուղացուն առաջարկվող միակ ելքը վարակված անասունին սպանդի ենթարկելն է: Հարթաշենում բրուցելյոզով վարակված 140 գլուխ անասունից 100-ը արդեն սպանդի է ենթարկվել: Առաջիկա օրերին սպասվում է, որ սպանդի կենթարկվեն նաեւ մյուս հիվանդ անասունները: Տուժել է գյուղի 26 տնտեսություն:





Հարթաշենի բուժկետի վարիչ Հասմիկ Ավետիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ արյան անալիզների արդյունքում անասնատերերի շրջանում բրուցելյոզով վարակի դեպք առայժմ չի հայտնաբերվել:

Հիգիենիկ եւ հակահամաճարակային մարզային կենտրոնից վստահեցրեցին, որ բրուցելյոզով վարակված միսը շուկայում չի հայտնվել, այլ ուղարկվել է երշիկի արտադրությամբ զբաղվող ընկերություններ, քանի որ բրուցելյոզի բացիլը 60-ից 80 աստիճան ջերմային մշակման դեպքում ոչնչանում է:

Բրուցելյոզով վարկման դեպքում գյուղացուն փոխհատուցում չի տրվում, քանի որ վարակված կենդանու միսը իրացվում է, չնայած` ցածր գնով:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG