Մատչելիության հղումներ

«Օսկար» եւ «Ոսկե մորի»` տարվա ամենալավ եւ վատ ֆիլմերի համար


Բոլոր սպասելիքները գերազանցեց բրիտանացի կինոռեժիսոր Դեննի Բոյլի ֆիլմը` «Միլիոնատերը ետնախորշերից»` արժանանալով միանգամից 8 արձանիկի, ընդ որում հաղթելով թերեւս ամենակարեւոր` «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում:

Շահած «Օսկար»-ների քանակով երկրորդ տեղում է ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերի «Բենջամին Բատտոնի առեղծվածային պատմությունը» ժապավենը, որ ստացավ երեք մրցանակ, բայց հավակնում էր 13-ի, երրորդ հորիզոնականը երկուական արձանիկով կիսում են «Հարվի միլք» եւ «Սեւ ասպետը» ֆիլմերը, որոնք առաջադրված էին ութական անվանակարգերում:

«Օսկար»-ի 81-րդ մրցանակաբաշխությանը «Տղամարդու լավագույն դերակատարման» համար մրցանակի արժանացավ Շոն Պենը` «Կաթ» ֆիլմում կատարած գլխավոր դերի համար: Դերասանը բավական լուրջ մրցակիցներ ուներ այս անվանակարգում` Բրեդ Փիթ, Միկկի Ռուրկ:

«Տիտանիկ» ֆիլմով մեծ հաջողության հասած Քեյթ Ուինսլեթը իր առաջին «Օսկար»-ը ստացավ` «Ընթերցողը» ֆիլմում «Կնոջ լավագույն դերակատարման» համար` այս անվանակարգում առաջ անցնելով Մերիլ Սթրիփից եւ Անջելինա Ջոլիից: Ի դեպ, Քեյթ Ուինսլեթը միակ «Օսկար»-ը բերեց Սթիվեն Դոլդրիի «Ընթերցողը» ֆիլմին, որը համարվում էր 2008-ի ֆավորիտներից եւ հինգ անվանակերգում էր առաջադրված:

Իսպանուհի Պենելոպա Կրուզը` «Վիկի Քրիստինա Բարսելոնա» ֆիլմում կատարած դերի համար «Օսկար» ստացավ «Երկրորդ պլանի լավագույն կին դերասանուհի» անվանակարգում: «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան» կոչմանը հետմահու արժանացավ Հիթ Լեջերը` «Սեւ ասպետը» ֆիլմում մարմնավորած դերի համար: Լեջերի մրցանակը ստացավ դերասանի հայրը:

Ճապոնական «Մեկնումներ» ֆիլմը ամերիկյան կինոակադեմիան գնահատեց «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Այս անվանակարգում հայտ էր ներկայացրել հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանը «Ջրահարսը» ֆիլմով: Մելիքյանի ժապավենը, սակայն, մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ չանցավ:

Դե իսկ հոլիվուդյան ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ Լոս Անջելեսում մեկ այլ կինոմրցանակաբաշխություն էր, որտեղ մրցանակ ստանալու համար կինոաստղերը ոչ միայն չեն պայքարում, այլ ճիշտ հակառակը` հաղթելու դեպքում չեն էլ ներկայանում: «Ոսկե մորի» ավանդական մրցանակաբաշխությունը այս տարի եւս առանձնացրեց տարվա ամենաանհաջող ֆիլմերն ու ամենավատ դերակատարումները:

Այս տարի ամենաշատը չբերեց միլիոնատեր ու նաեւ շատերի կարծիքով գեղեցկուհի Փերիս Հիլթոնի բախտը, ով արժանացավ միանգամից 3 մրցանակի: Առանձնացնենք հատկապես «Տարվա ամենավատ դերասանուհի» անվանակարգը, որը Հիլթոնը ստացավ «Սիրունն ու տգեղը» ֆիլմում մարմնավորած գեղեցկուհու կերպարի համար:

«Տարվա ամենավատ ֆիլմ» ճանաչվեց «Սեքս-գուրու»-ն, որը անցյալ տարի ռեկորդ սահմանեց կինովարձույթի կետերում: Հենց այս ֆիլմի գլխավոր դերակատար Մայք Մայերսն էլ ամենավատ դերասանի ոչ պատվաբեր տիտղոսին արժանացավ:

«Ոսկե մորի» մրցանակը հանձնվում է 1981 թվականից, բայց միայն հատուկենտ դերասաններ են 28 տարիների ընթացքում համաձայնել անձամբ ստանալ իրենց մրցանակը:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG