Մատչելիության հղումներ

Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում երկու հիմնական թեկնածուի անուն է շոշափում` ներկայիս քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի:

«Այսօր ավելի շատ քննարկվում է գործող քաղաքապետի եւ նաեւ Գագիկ Բեգլարյանի հարցը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՀԿ-ի ղեկավար անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: - «Իհարկե, քննարկման փուլերում այլ մարդիկ էլ կան, բայց հակվածությունը ավելի շատ այս երկուսի կողմն է»:

Սահակյանը հավելեց, որ այս հարցում վճռորոշ է լինելու կուսակցության առաջնորդ եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը:

Ըստ Գալուստ Սահակյանի, ճիշտ է, որ քաղաքապետի ընտրություններին կուսակցությունները ոչ թե կոալիցիոն սկզբունքով, այլ առանձին ցուցակներով մասնակցեն. - «Քաղաքական տեսակետից, ես կարծում եմ, եթե թիմ ես, ուժեղ ես` միայնակ պիտի գնաս»:

Կոալիցիայի անդամ մեկ այլ քաղաքական ուժի` Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար անդամ Ռուբեն Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենց կուսակցությունը նույնպես հակված է քաղաքապետի ընտրություններին մասնակցել առանձին ցուցակով: Նա, սակայն, հավելեց, որ վերջնական որոշումը դեռեւս կայացված չէ, քննարկումները շարունակվում են:

Կոալիցիոն երրորդ ուժը` «Բարգավաճ Հայաստանը»-ը այս հարցը քննարկելու է առաջիկայում կայանալիք կուսակցության խորհրդի նիստում:

Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել նաեւ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը, որը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, այդ հարցի շուրջ բանակցություններ է սկսել այլ ընդդիմադիր ուժերի հետ:

«Եթե որեւէ արտակարգ իրավիճակ չստեղծվի, կմասնակցենք», - ասաց նա` պարզաբանելով. - «Ես կարծում եմ, որ քաղաքական իրավիճակը մեր մոտ կայուն չէ, եւ ցանկացած պահի ցանկացած զարգացում կարող է սպասվել մեր հանրապետությունում»:

Հարցին, թե բանակցելո՞ւ են արդյոք նաեւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի հետ, Մարտիրոսյանը արձագանքեց. - «Ընդդիմությունը կարծում եմ, որ պետք է միասնական ճակատով մասնակցի [Երեւանի քաղաքապետի ընտրություններին]»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի մասնակցության հարցը պարզ կլինի մարտի 1-ին կյանալիք հանրահավաքից հետո:

Մայիսի 31-ին կայանալիք ընտրություններում Երեւանի քաղաքապետը ընտրվելու է ավագանու կողմից, որը ընտրվելու է համամասնական ընտրակարգով 4 տարի ժամկետով: Եթե ավանգանու ընտրությունների արդյունքում կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: Իսկ եթե որեւէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG