Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ին հարցազրույց է տվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Կիսո՞ւմ եք այն տեսակետը, թե Ռոբերտ Քոչարյանը երկար չի հանգստանա եւ շուտով իշխանության վերադառնալու փորձեր կանի», - լրագրողի այս հարցին Սարգսյանը պատասխանել է. - «Շատ ավելի լավ մեզ համար, այդ դեպքում միանշանակ իշխանական թիմը բաժանվելու է: Հիմա էլ կա այդ բաժանումը, բայց դրան հակադրվելը հեշտ է գործող նախագահի համար, որովհետեւ ինքը ռեալ իշխանություն ունի: Արդեն իրենք իրենց ներսում եւ համագումարներում են Քոչարյանին ասում թոշակառու: Գալու է ժամանակ, որ ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր քաղաքացի խուսափելու է, հրաժարվելու Քոչարյանի հետ նախկինում ունեցած շփումներից: Այդ տենդենցն արդեն երեւում է: Նա ոչ որպես գործող ղեկավար էր լավ, ոչ էլ ստվերային գործիչ: Որոշակի առումով իր բախտն է բերել` ԱՄՆ-ում Սեպտեմբերի 11 եղավ, թե չէ այն ժամանակ արդեն իշխանությունը փոխվում էր: Բախտը բերեց, սկսվեց Իրաքյան պատերազմը, թե չէ էլի լարվածությունը հասել էր նրան, որ իշխանությունը փոխվում էր, Ղարաբաղյան հարցում ճնշումները ուժեղ էին: Բայց հիմա ետ գնալու հնարավորություն չունի, իմ խորին համոզմամբ` շատ է ուզում, բայց բոլորն էլ հասկանում են, թե նա ինչ ինտրիգների ու հոգեկերտվածքի տեր մարդ է»:

«Հայոց աշխարհ»-ը իր «Ո՞ւր են կորել աջ ուժերը» ենթավերնագրով խմբագրականում գրում է. - «Ընդհանրապես, եթե անկեղծ, մեզ այստեղ վաղուց արդեն ոչ մի աջ ուժեր էլ պետք չեն։ Դա անտեսանելի ինչ-որ բան է, սպեկտրի ինֆրակարմիր հատվածի պես. գոյություն ունի, բայց ոչ ոք չի տեսել, իսկ գլխավորը՝ բոլորն էլ հիանալի ապրում են առանց դրա։ Սակայն ողջ խնդիրն այն է, որ քաղաքակիրթ երկրներում չգրված օրենք է. պարտադիր պետք է լինի ինչ-որ աջ ուժ։ Եթե կա կենտրոն (իսկ հայրենի քաղաքական ուժերի 99,9 տոկոսը հռչակել է իրեն կենտրոնամետ), եթե չափազանց հազվադեպ, բայց այնուամենայնիվ հանդիպում են ձախեր, ապա պետք է լինեն նաեւ աջեր։ Ուստիեւ անհրաժեշտ են աջեր, որոնց ամեն ինչ չէ, որ դուր է գալիս մեր իրականության մեջ։ Աջեր, որոնք բնավ ոչ ամեն հարցում են համամիտ, բայց ըստ որում՝ անհամամիտ են ոչ այն աստիճան, որ միտինգներ կազմակերպեն հհշականների պես»։

Քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում ասում է. - «Միշտ էլ Ռուսաստանի եւ Թուրքիայի մերձեցումը Հայաստանին անհանգստության առիթ է տվել: Առավել եւս հիմա, երբ այդ մերձեցումը տեղի է ունենում ընդգծված հակաարեւմտյան հողի վրա: Այդ մերձեցումն, անշուշտ, վտանգավոր է, որովհետեւ արդյունքում Հայաստանը դառնում է հետնապահ թե’ ՌԴ-ի, թե’ Թուրքիայի կողմից: Այդ կարգավիճակից ելքի որեւէ հեռանկար չի լինի, եթե Հայաստանն ակտիվություն չցուցաբերի կամ ոչ ստանդարտ որոշումներ չկայացնի: Դատելով իրադարձությունների ընթացքից՝ հայկական քաղաքական միտքը ինչպես հարյուրամյակներ առաջ, այսօր էլ դոփում է մոնղոլական եւ բյուզանդական էթիկայի եւ ռուսական ու թուրքական գավառական էսթետիկայի ատամնանիվների արանքում, ուստի՝ ես առայժմ այդ վտանգը հաղթահարելու հեռանկար չեմ տեսնում»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Իրավիճակը շատ պարզ է: Մարտի 1-ին երեք քաղաքացի` Գոռ Քլոյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը սպանվել են «Չերյոմուխա-7» հատուկ միջոցից: Ըստ պաշտոնական վարկածի, «Չերյոմուխա-7» հատուկ միջոց օգտագործել են չորս ոստիկան: Հայաստանի իրավապահ մարմինները քափ-քրտինքի մեջ ոչ թե փորձում են բացահայտել, թե ով է մարդասպանը, այլ փորձում են ապացուցել, որ հնարավոր չէ բացահայտել այդ սպանությունները: Այժմ անցել են գործունեության երկրորդ փուլին` դիակապտությամբ են զբաղված, փորձում են Քլոյանին, Խաչատրյանին եւ Ֆարմանյանին մեղադրել հանցանքներ գործելու մեջ: Իբր` նրանք, ինչ-որ ավտոբուսի ղեկին նստած, այդ ավտոբուսը քշել են ոստիկանների վրա: Մի ժամանակ ավտոբուսի ետեւից էին դուրս գալիս, կրակում, հիմա արդեն` ավտոբուսով գրոհում են, վաղը ավտոբուսը դառնալու է տանկ, տանկի վրա ադրբեջանական դրոշ է հայտնվելու, տանկի անձնակազմը ուղիղ կապի մեջ է լինելու Ադրբեջանի գենշտաբի հետ, եւ այսպես ահա բացատրվելու է ղարաբաղցի սպեցնազի ներկայությունը Երեւանի կենտրոնում, այսպես է բացատրվելու ՀՀ քաղաքացիների սպանդը Երեւանի կենտրոնում»:

«Ազգ»-ը տեղեկացնում է. - «Փետրվարի 19-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Վաղարշապատի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բերման է ենթարկվել 1991-ին ծնված, նախկինում դատված Հուսիկ Հ.-ն, որը փետրվարի 18-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մայր աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու միաբանական շենքի թիվ 104 սենյակից բացահայտ հափշտակել է 1935-ին ծնված Հակոբ Պոզապալյանին պատկանող դրամապանակը, որի մեջ եղել է 200.000 դրամ: Հափշտակվածն առգրավված է: Կատարվում է նախաքննություն»: Թերթը փոխանցում է նաեւ, որ սրբազանի առողջական վիճակը խիստ ծանր է, նա գտնվում է կոմայի մեջ:

«Գոլոս Արմենիի»-ն ներկայացրել է հայտնի տնտեսագետ Աբել Աղանբեգյանի զրույցը ԱՌԿԱ գործակալության հետ: Նա ասում է. - «Հայաստանում, ինչպես եւ Ռուսաստանում, սկսվում է ստագֆլյացիայի պրոցեսը: Դա մի պրոցես է, որի ընթացքում տեղի է ունենում արտադրության կրճատում, ճահճացում` աճող գործազրկության եւ բարձր ինֆլյացիայի պայմաններում, իսկ Հայաստանի եւ Ռուսաստանի համար ճգնաժամի շրջանում ամենավատն այն է, որ երկու երկրներն էլ այն դիմավորեցին բարձր ինֆլյացիայով»: Տնտեսագետի խոսքերով` ստագֆլյացիայից ելքը շատ ծանր է, եւ այս պայմաններում առաջին հերթին անհրաժեշտ է ճնշել ինֆլյացիան. - «Դրա համար թե’ Հայաստանում եւ թե’ Ռուսաստանում պայմանները շատ բարենպաստ են, քանի որ մեծածախ գները նվազում են եւ եթե դիմակայեն մենատիրական միտումներին, ապա կարելի է կտրուկ կրճատել ինֆլյացիան»: Աղանբեգյանը գտնում է, որ նման զարգացման համար «կառավարությունը պետք է ինքն իրեն խիստ նեղի, ինչը Ռուսաստանի գործադիր իշխանությունները չարեցին, իսկ դա շատ կոպիտ սխալ էր»: «Գները 25 տոկոսով բարձրացնելով` մեր իշխանությունները ակնարկ արեցին մոնոպոլիստներին, որ նրանք գները չիջեցնեն: Այդ պատճառով էլ չնայած նրան, որ նավթի գները իջել են երեք անգամ, Ռուսաստանում դրանք նվազել են ընդամենը 15 տոկոսով», - պարզաբանել է տնտեսագետը:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG