Մատչելիության հղումներ

«Գոյություն չունի Ջավախքի խնդիր, գոյություն ունի սոցիալ-տնտեսական խնդիր Ջավախքում` ինչպես Վրաստանի այլ շրջաններում: Վրաստանը այսօր շատ ծանր վիճակում է` Ռուսաստանի ագրեսիայից հետո», - այսօր Երեւանում հայտարարեց Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններից հետո հրավիրված համատեղ ասուլիսում Վաշաձեն հավելեց. - «Եթե Հայաստանում կարծում են, որ Քութաիսիում մարդիկ ավելի լավ են ապրում, քան Սամցխե-Ջավախքում, ապա խորապես սխալվում են: Հաճախ նույնիսկ ավելի վատ են ապրում»:

Վրաստանի արտգործնախարարի խոսքով, ոչ մի կառավարություն այդքան չի արել ազգային փոքրամասնությունների համար, որքան Վրաստանի կառավարությունը 2003 թվականից ի վեր. - «Մեր խնդիրն այն է, որ վիրահայերի ինտեգրումը Վրաստանի հասարակական կյանքին չի ընթանում այն տեմպերով, որ ցանկանում են Վրաստանի հայ համայնքը եւ Վրաստանի կառավարությունը: Վրաստանի ներկայիս եւ հաջորդ բոլոր կառավարությունների նպատակն է, որ Վրաստանում ապրող բոլոր ժողովուրդների իրավունքները պաշտպանված լինեն»:

Այս կապակցությամբ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ասաց. - «Վիրահայությանը հետաքրքրող բոլոր հարցերը միշտ շահագրգիռ, անկեղծ քննարկման առարկա են հայ-վրացական բոլոր հանդիպումների ընթացքում: Չկան խնդիրներ, որոնք մենք համագործակցաբար չենք կարող լուծել»:

Գրիգոլ Վաշաձեն անդրադարձավ նաեւ Վրաստանում լրտեսության եւ ապօրինի զինված խմբեր ստեղծելու կասկածանքով հունվարի 22-ին Ախալցխայի Հայկական երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգորի Մինասյանի եւ «Շառլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սարգիս Հակոբջանյանի կալանավորմանը: Վրաստանի արտգործնախարարը դա խնդիր չի համարում, քանի որ, ըստ նրա` կալանավորվել են Վրաստանի երկու քաղաքացիներ. - «Սակայն նրանք ձերբակալվել էին ոչ այն պատճառով, որ ապրում են Ջավախքում կամ ազգությամբ հայ են, այլ որովհետեւ կան փաստեր, որ կալանավորված անձինք հանցագործություն են կատարել»:

«Մենք հետաքրքրվել ենք այդ հարցով», - այս կապակցությամբ ասաց Նալբանդյանը: - «Հարցը քննության մեջ է գտնվում, եւ համապատասխան քննությունից հետո ավելի հստակ կլինեն պատասխանները»:

Իսկ ասուլիսին նախորդած հանդիպման ընթացքում, ըստ արտգործնախարարության տարածած հաղորդագրության, Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները քննարկել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ էներգետիկ ոլորտում համագործակցության հարցերը, անդրադարձ է եղել Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության խթանման ուղիներին:

Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Վրաստանի համագործակցությանը վերաբերող հարցեր` ընդգծելով, որ լայն հնարավորություններ կան թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերում երկու երկրների փոխգործակցության խորացման համար:

Անդրադարձ է եղել Եվրոպական միության Արեւելյան գործընկերություն առաջարկին եւ քննարկել են այդ նախաձեռնության շրջանակներում հնարավոր համագործակցության ուղիները:

Գրիգոլ Վաշաձեի գլխավորած պատվիրակությանը այսօր ընդունել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG