Մատչելիության հղումներ

logo-print

«Հայք»-ը այսօր լույս չի տեսել


«Հայք» օրաթերթը այսօր լույս չի տեսել: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց թերթի գլխավոր խմբագիր Գեղամ Նազարյանը, նախօրեին իրենց այցելել են Դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության 4 աշխատակիցներ եւ տեղեկացրել, որ «Գինդ» տպարանը հայցադիմում է ներկայացրել, խնդրելով ապահովել «Հայք»-ի` տպարանին ունեցած պարտքի մարումը եւ միաժամանակ պահանջելով թույլ չտալ պարբերականի տպագրությունը մեկ այլ տպարանում:

Նազարյանը վստահեցրեց, որ մինչ այդ իրենց ծանուցում չէր տրվել թերթի դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ: Նա հատուկ շեշտեց, որ «Գինդ»-ի հետ մի քանի օր առաջ բանավոր համաձայնություն էր ձեռք բերվել պարտքը մինչեւ ապրիլի 1-ը մարելու մասին:

Պարտքը, ըստ խմբագրի, կուտակվել էր անցած տարվա ընթացքում` «հասկանալի մի շարք պատճառներով, որովհետեւ թերթի տպագրությունը արգելվեց երեք շաբաթով, դրանից հետո` քաղբանտարկյալներ, ճնշումներ, բռնաճնշումներ, այդ ամենը «Հայք»-ի վրա շատ լուրջ անդրադարձավ»:

«Հետաքրքիրն այն է, որ ԴԱՀԿ-ի աշխատակիցների այցի հետ միաժամանակ մենք նամակ ստացանք «Գինդ» տպարանից, որտեղ նշվում էր, որ «եթե մինչեւ փետրվարի 20-ը չմարեք պարտքը, մենք կդիմենք դատարան», բայց իրենք դատարան դիմել էին փետրվարի 18-ին», - նշեց Գեղամ Նազարյանը` հավելելով. - «Ինձ զարմացնում է դատարանի պատրաստակամությունը` միանգամից կատարել «Գինդ»-ի պահանջը ու դադարեցնել եւս մեկ թերթի տպագրություն: «Գինդ» տպարանի համար 2 միլիոն դրամը (մոտ 7 հազար դոլար) չնչին գումար է, եւ հիմա պարզ է, որ «Գինդ» տպարանի նպատակը ոչ թե այդ 2 միլիոնը ստանալն է, այլ թերթի տպագրությունը կասեցնելը»:

«Այստեղ ինձ համար զարմանալին այն է, որ Կարեն Ավետյանի տպարանը, որը ստեղծվել է «Եվրասիա» հիմնադրամով, նպատակ ուներ աջակցել ազատ մամուլին, հիմա ստացվում է, որ տպարանը այս ձեւով է աջակցում ազատ մամուլին: Եվ մենք մտավախություն ունենք, որ նաեւ «Գինդ» տպարանը մասնակցում է վերջին շրջանում մեր դեմ սկսված արշավին», - հայտարարեց խմբագիրը:

Թերթի հետագա ճակատագրին առնչվող հարցին Նազարյանը արձագանքեց. - «Մենք անպայման պարտքը փակելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ թերթի տպագրությունը շատ արագ վերականգնվի եւ թերթը շարունակի լույս տեսնել, եւ միաժամանակ դիմելու ենք դատարան, որ տպարանի արգելանքը վերացվի, որ մենք հնարավորություն ունենանք աշխատել, որովհետեւ անտրամաբանական է` չաշխատող հիմնարկը ինչպե՞ս պետք է մարի պարտքերը»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG