Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի զինվորներ են զոհվել


Այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ֆիզուլիի ուղղությամբ, զոհվել է ադրբեջանցի զինվոր Ջավիդ Սուլեյմանովը:

Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ` զինծառայողը զոհվել է հայկական ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով:

«Թրենդ» գործակալությունը հաղորդում է նաեւ, որ նախօրեին Ֆիզուլիի շրջանի Հորադիզ գյուղի մոտակայքում ականի պայթյունի հետեւանքով զոհվել են ադրբեջանական բանակի շարքայիններ Ասքեր Մարդանովը եւ Թուրալ Հաջիեւը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, իր հերթին, հաղորդագրություն է տարածել, համաձայն որի` անցած գիշեր եւ այսօրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: «Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Աշաղը Աբդուռահմանլու, Մեհդիլի, Կարախանբեյլի, Քարվենդ, Լեւոնարխ, Կարմիրավան, Լալ-Իլագլի, Ջրաբերդ եւ Վերին Չայլու ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Ադրբեջանական զինուժի մեղքով հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել», - ասված է հաղորդագրությունում:

Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը վերջին շրջանում գրեթե ամեն օր հաղորդագրություններ է տարածում ադրբեջանական կողմի մեղքով հրադադարի ռեժիմի խախտումների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG